Թեհրանի եկեղեցում ծառայող կին սարկավագն իր կրոնական դաստիարակության համար պարտական է թեմի առաջնորդին

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում (երբեմն նաև Սուրբ Աստվածածին եկեղեցում) ծառայող կին սարկավագ Անի Քրիստի Մանվելյանը ծնվել է Թեհրանում:  Ուսանել Հայոց ազգային «Արաքս» դպրոցում, ապա Իրանի պետական համալսարանում: Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ է (anesthetist), աշխատում է հիվանդանոցում՝ վիրահատական բաժնում:

«Մանուկ հասակից ծնողներիս շնորհիվ ստացել եմ կրոնական և ազգային դաստիարակություն, հաճախել կիրակնօրյա դպրոց, միաժամանակ մասնակցել եկեղեցական արարողություններին և ծառայել որպես քշոցակիր և մոմակիր: Տարիների ծառայությունից հետո ձեռնադրվել եմ որպես դպիր, ապա կիսասարկավագ: Եվ ի վերջո, 2017 թվականի սեպտեմբերիի 24-ին՝ որպես սարկավագ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Անի-Քրիստին և հավելեց, որ իր կրոնական և ազգային դաստիարակության համար պարտական է նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանին, որը միշտ քաջալերում է նոր սերնդի մասնակցությունը եկեղեցական արարողություններին:

«Եկեղեցին և հավատքը ամենակարևոր և էական դերն ու տեղը ունեն յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, քանի որ մարդն առանց հավատքի կարող է մոլորվել աշխարհի օվկիանոսում: Ոչ քրիստոնյա երկրներում առավել ևս կարիք ունենք ամրապնդվել հավատքի գոտիով, որպեսզի գոյատևենք, պահենք ու պահպանենք մեր կրոնական և ազգային մշակույթն ու կենցաղը»-ասաց Անին:

Անդրադառնալով Հայաստանին՝ Անի Քրիստին նշեց, որ Սփյուռքում ապրող ամեն մի հայի հեռանկարը և տեսիլքն իր հայրենի հողն ու ժողովուրդն է. «Բազմիցս եղել եմ հայրենի հողի վրա ո´չ թե որպես հյուր, այլ որպես մի հայ, որը գտնվում է իր տանը, իր ընտանիքի հետ: Միշտ վերադարձել եմ ջերմ ու քաղցր տպավորություններով, զգացողություննեով, երբեմն էլ՝ հուզմունքով: Մեծ հպարտությամբ ավելի քան երկու անգամ այցելել եմ Արցախ, ինչի շնորհիվ իմ մեջ առավել ևս ամրապնդվել է ազգային զգացումը»:

Scroll Up