Գերմանիայում հայերեն հնչել է խաղաղության աղոթք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/գերմանիա4.jpg)
Օրերս Գերմանիայի Դաշնության Լեեր քաղաքում համաշխարհային կրոնների ներկայացուցիչների և կրոնական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաղաղության աղոթքի արարողություն, որը կազմակերպվում է արդեն երկրորդ տարին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միջոցառման կազմակերպման հանձնախմբից, արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական, Կաթոլիկ, Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև մահմեդականությունը, բուդդայականությունը, հուդայականությունը ներկայացնող հավատացյալներ: Խաղաղության աղոթք է հնչել նաև Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու անդամների կողմից: Հատկանշական է, որ արարողությունը մեկնարկել է գերմանաբնակ պատանի Վալերի Թովմասյանի կողմից հնչեցրած հայերեն աղոթքով, որի հեղինակը Առաջնորդական Փոխանորդ հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանն է: Խաղաղության աղոթքից հետո Հյուսիսային Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ արժանաշնորհ Տ. Հրաչ քահանա Պիլիճիյանն օրհնել է միջոցառումը, գերմաներեն հնչեցրել խաղաղության աղոթքը, ապա երգել Կոմիտասի ստեղծագործություններից:
Միջոցառման կազմակերպման հանձնախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Թովմասյանը մեզ հետ զրույցում կարևորեց նման միջոցառումներին հայերի մասնակցությունը: Նրա խոսքով` հնչեցված հայերեն աղոթքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք խաղաղասեր ազգ ենք, քանի որ մեզ համար ոչ միայն կարևոր է մեր սեփական սահմանների անվտանգությունը, այլ նաև խաղաղությունը ողջ աշխարհում` Սիրիայից մինչև Աֆղանստան և Լատինական Ամերիկա: Արարողության վերջում Լեեր քաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն իրենց խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցին հայերին արարողությանը մասնակցելու համար` հիշեցնելով, որ հայերն առաջինն են ամբողջ աշխարհում քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Նրանց կողմից հատուկ գովասանքի արժանացավ հայերեն աղոթքի տեքստը: