Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա ցուցահանդես և մոնոներկայացում

Փետրվարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա ռեժիսոր, դերասան Սերգեյ Թովմասյանի ` «Մեկ այլ ջերմություն» խորագիրը կրող փայտե գեղազան աշխատանքների ցուցահանդեսը, իսկ ժամը 19։30-ին դերասան և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Ս․Թովմասյանի աշխատանքներից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքիր պատմությունն ու ասելիքը: «Դերասանական շնորhքը հնարավորություն է տալիս հեղինակին՝ ստեղծելու յուրօրինակ փայտե կերպարներ՝ գյուղական տեսարաններ, աստվածաշնչյան առակներ, մարդկային ու կենդանական կերպարներ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր հուզական և էմոցիոնալ աշխարհով»,- նշել է Մ. Անդրեասյանը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսն Արցախում կայանալու է առաջին անգամ:

Անդրադառնալով «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմանը՝ Մ. Անդրեասյանն ասել է, որ այն Նարինե Գրիգորյանի ընտանիքի իրական պատմությունն է, որը զուգորդվել է պատերազմի հետ։

«Ներկայացումը պատմություն է դերասանուհու՝ Արցախում և Հրազդանում անցկացրած մանկության մասին, պատերազմի հետևանքների, ամեն կրակոցից ու ականի պայթյունից նկուղում թաքնվող մանուկների, հոր գերության ու ազատումի, պատերազմը բնորոշող իրավիճակների մասին»,- ասել է Մ. Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր ցանկացողների համար մուտքն ազատ է:

Scroll Up