Վոլգոգրադ քաղաքի հայկական թատերախումբը պատրաստվում է նոր ներկայացման
ՌԴ Վոլգոգրադ քաղաքի հայկական համայնքին կից գործող «Արտավազդ» ստուդիան պատրաստվում է նոր ներկայացման: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բեմադրությունը լինելու է մեծ բանաստեղծի հեքիաթների մոտիվներով: Այս առիթով «Արտավազդ»-ը հայտարարում է դերակատարների ընտրություն (քասթինգ):
Երեք տարվա պատմություն ունեցող ստուդիայի հիմնադիրը Կամո Պետրոսյանն է, անդամները՝ Սաթենիկ Կուրղինյանը, Հունան Ավետիսյանը, Նարինե Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը:
Առաջին աշխատանքը եղել է Լալվարենցի «Աղերս պապանձման» ներկայացումը, որին հաջորդել են՝ Վ. Աճեմյանի «Խորոշո», Հ. Սահյանի «Դու ինձ թողել էիր մենակ» բեմադրությունները: Հունվարի 28-ին՝ Պ. Սևակի ծննդյան օրվա առիթով, ստուդիան պոեզիայի երեկո էր կազմակերպել:
««Արտավազդ» ստուդիայի նպատակն է ներկայացրել հայ արվեստը, չկորցնել ազգային դիմագիծը, ճանաչել և հասկանալ հայկական մշակույթը: Առանց լեզվի և կենդանի խոսքի Սփյուռքում մենք շատ արագ ենք ձուլվում և կորցնում մեր ազգային դիմագիծը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց Կամո Պետրոսյանը՝ ընդգծելով, որ իրենց գերխնդիրն է նաև՝ մարդ լինել և հայ մնալ:
Հավելենք, որ «Արտավազդ» ստուդիան այս տարվա հոկտեմբերին կմասնակցի Ալավերդի քաղաքում անցկացվող «Թատերական Լոռի» փառատոնին, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: