Սփյուռքահայ երիտասարդ արվեստագետները Մայր Աթոռում ցուցահանդեսների մասնակցելու հնարավորություն ունեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի: Այս ուրախալի և ոգևորիչ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները՝ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և բարձր հովանու ներքո, 2018 թ. ողջ ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Սուրբ Էջմիածնի Թանգարանների տնօրենության ֆեյսբուքյան էջին, հայտնում է, որ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը:
Ցուցահանդեսները բացվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահ), թեմատիկան ազատ է և ընդգրկում է կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար և այլն): Կազմակերպչական ողջ աշխատանքներն իրականացնելու է Սբ . Էջմիածնի թանգարանների գրասենյակը:
«Արարող ձեռքեր» նախագծին կարող են մասնակցել ուսանող և նորավարտ երիտասարդ արվեստագետները՝ դիմելով Սուրբ Էջմիածնի Թանգարանների տնօրենությանը հետևյալ հասցեով. web.facebook.com/HolySeemuseum/
Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 10-ը (անհրաժեշտ է ներկայացնել համառոտ ինքնակենսագրական, 5-10 ստեղծագործության լուսանկար):