Վալանսում պարգևատրել են Գրիգոր Ամիրզայանին ու Թաթոս Հակոբյանին

Հունվարի 20-ին Վալանսի հայ մշակույթի տանը Վալանսի ֆրանսիացի, ծագումով հայ նախկին դիմադիրների միությունը կազմակերպել էր իր տարեկան անդրանիկ ժողովը, որին ներկա էին միության նախագահ Ջորջ Երեցյանը և շուրջ երկու տասնյակ անդամներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, Ջորջ Երեցյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքները: Նա իր խոսքում նշեց, որ կազմակերպությունը միշտ զորավիգ է եղել Վալանսի հայկական համայնքի բոլոր ձեռնարկներին, անդամ է «Ապրիլ 24» կոմիտեի: Միություն, որը համախմբում է Վալանսի և հարակից շրջանների, Դրոմի և Արդեշի նահանգների շուրջ 20 հայկական միությունների:

Ձեռնարկի ժամանակ Վալանսի ֆրանսիացի, ծագումով հայ նախկին դիմադիրների միության նախագահը հայտնի լրագրող-ծաղրանկարիչ, Վալանսի «Արմենիա» միության նախագահ և «Ապրիլ 24» կոմիտեի համանախագահ Գրիգոր Ամիրզայանին և Վալանսի հայ ռազմագերիների դրոշակակիր Թաթոս Հակոբյանին պարգևատրեց Նախկին դիմադիրների ազգային ֆեդերացիայի մեդալով:

Իր խոսքում Ջորջ Երեցյանն ասաց. «Մեդալը Գրիգոր Ամիրզայանին է փոխանցվում իր կատարած հայրենասիրական աշխատանքի համար: Նա իր կատարած գործերի և ստեղծած միությունների շնորհիվ՝ միշտ բարձր է պահում Հայաստանի և հայի անունը հայկական և ֆրանսիական լրատվամիջոցներում: Նա միաժամանակ Վալանսի և Ֆրանսիայի հայկական համայնքի ակտիվ անդամներից է»:

Գրիգոր Ամիրզայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց, որ չափազանց կարևորում է հայ ազգի համար կատարած աշխատանքը, որը պիտի շարունակի մինչև կյանքի վերջը:

Scroll Up