Սուրբ Ծնունդը Թուլուզի «Մեսրոպ Մաշտոց» դպրոցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/Surb-c@nund-.jpg)
Հունվարի 6-ին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գործող «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա հայկական դպրոցում տոնվեց Սուրբ Ծնունդը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, սաները մեծ հետաքրքրությամբ են հետևել արարողակարգին։ Միջոցառումը օրվա խորհուրդը կրող բեմադրություն էր, որը կազմակերպվել էր ուսուցիչների կողմից` Բաբուջյան Ռուզաննայի, որը ուսուցանում է Հայոց լեզու և գրականություն կրտսեր և միջին խմբերին, Շարոյան Աննայի, որը դասավանդում է Հայոց լեզու և գրականություն ավագ խմբին, Թորոսյան Անահիտի (ուսուցանում է Հայ եկեղեցու պատմություն), Խաչատրյան Լիանայի (դասավանդում է Հայոց պատմություն և մշակույթ), Սիմոնյան Դավիթի (ուսուցանում է հայկական երգ ու երաժշտություն), Սամսոնյան Աշխենի (դասավանդում է ազգային պար)։
Կազմակերպչական հարցերում իր ներդրումն է ունեցել նաև դպրոցի ծնողկոմիտեն, որը միշտ աջակցում է նմանատիպ միջոցառումների դեպքում:
Թուլուզ քաղաքի սրտում գտնվող դպրոցը բոլորի համար յուրատեսակ Հայաստան է դարձել, կարոտած հայ հող, հարազատ ու տաքուկ անկյուն։ Այն դարձել է օջախ` սուրբ տուն, որը բոլորը պահում ու պահպանում են:
Ֆրանսիայի բազմադարյան պատմական արժեք ունեցող այս կառույցի ներսում երեխաներին ուսուցանում են հայոց գիրն ու գրականությունը, հայոց պատմությունը, հայ երգն ու պարը, և իհարկե, քարոզում հայկական կրոնը`հավատք դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։
Կրթօջախում մշտապես նշվում է Սուրբ Ծնունդը, ուսուցիչները մշտապես պատմում են Տիրոջ զորության և բարի գործերի մասին, իսկ երեխաները մեծ հետաքրքրությամբ են հետևում կրոնի դասաժամերին, նրանք քրիստոնեություն են ուսուցանում և խորապես գիտակցում, թե ինչ ասել է` լինել քրիստոնյա։
Ամեն կիրակի քաղաքի հայ բնակիչներից շատերը օրը սկսում են «Մեսրոպ Մաշտոց» դպրոցում: Չափազանց լեցուն ու ծանր շաբաթվա մեկ օրը աշխատակիցները նվիրում են բարի ու սուրբ գործին, այդ օրը անցկացնում են միասին` դպրոցի պատերի ներքո, որտեղ օրը սկսվում է Հայոց այբուբենի հնչյուններով, շարունակվում Չարենց, Տերյան ասելով, մեր հարուստ պատմությունը թերթելով, սասունցիների պարը պարելով, Կոմիտաս երգելով և ավարտվում Տերունական աղոթքով: Թեև ապրում են հեռու հայրենի հողից, սակայն դպրոցի շնորհիվ Թուլուզում ապրող երեխաները հայ են մեծանում՝ հայասեր ու քրիստոնյա։