«Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում

Հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորեց Սփյուռքի հետ տարվող աշխատանքների նման ձևաչափով քննարկումը, նշեց, որ քննարկմանը ներգրավվել են նաև հասարակության   որոշակի շերտեր, ՀԿ-ներ և Սփյուռքի ներկայացուցիչներ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ զեկույցով, նա կարևորեց խորհրդարանական դիվանագիտության և Սփյուռքում իրականացվող ժողովրդական դիվանագիտության ներդաշնակությունը և ակտիվ փոխգործակցությունը: Նախարարը լուսապատկերներով ներկայացրեց «Սփյուռք» հասկացության վերաբերյալ առկա գիտական մոտեցումներն ու մեկնաբանությունները և նշեց, որ եթե միգրացիան կենտրոնախույս ուժ է, ապա Սփյուռքը՝ կենտրոնաձիգ ուժ է, որ միավորում է մարդկանց՝ հավաքական ինքնագիտակցությամբ, պատմական հիշողությամբ և հայրենիքի հետ զգացական կապով: Նա կարևորեց այն հանգամանքը, որ սփյուռքները  գնալով դառնում  են  ազդեցիկ  գործոն  բնակության  երկրի  և  ծագման երկրի  համար՝ տիրապետելով ծանրակշիռ ֆինանսատնտեսական, սոցիալ-քաղաքական լծակների, տարբեր միջավայրերում ձևավորվելով և՛ համամարդկային արժեքներ, և՛ դրսևորվել անընդունելի երևույթներ:

Այնուհետև Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, նշեց, որ այդ գործակցությունը մշտապես փոփոխվող, դինամիկ գործընթաց է, որը բացում է նոր հնարավորություններ և ի հայտ է բերում նոր խնդիրներ ու մարտահրավերներ: Նա ներկայացրեց միգրացիոն գործընթացների վիճակագրական պատկերը, որոնց հետևանքով ձևավորվում են սփյուռքները:

Նախարարը ներկայացրեց հայկական սփյուռքի ձևավորման փուլերը՝ հնագույն ժամանակներից մինչև Հայոց ցեղասպանություն, որի հետևանքով 100-ից ավել երկրներում կազմակերպվեցին հայկական համայնքներ: Անդրադարձավ խորհրդային շրջանում գոյություն ունեցած փոխառնչություններին և հայրենադարձության գործընթացի փուլերին:

Սփյուռքի նախարարը հանգամանալից ներկայացրեց հայկական Սփյուռքի կառուցվածքը, նշելով, որ այժմ գործում են 832 համայնք, 30 հազարից  ավելի  հայկական կազմակերպություններ, 44 համահայկական կառույցներ, 727 գործող հայկական  եկեղեցիներ ու  վանքեր, մոտ 1000 ամենօրյա  և  մեկօրյա  դպրոցներ, 34  թանգարաններ, գրադարաններ և արխիվներ, 110 հայագիտական  կենտրոններ, մոտ 300 ԶԼՄ-ներ, 1000-ավոր կայքեր, 639 մշակութային կենտրոններ ու միություններ,  իրազեկման կառույցներ, մասնագիտական կառույցներ ու ցանցեր, երգի, պարի համույթներ, երաժշտական,  նկարչական  հարյուրավոր  դպրոցներ: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նաև համայնքների առանձնահատկությունները, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձավ համահայկական հիմնախնդիրներին, նշեց այն կառուցակարգերը, որոնցով իրականացվում է Հայաստան-Սփյուռք գործակցությունը:

Սփյուռքի նախարարը հանգամանալից ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղությունները, նախարարության գերակա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները, նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:

Կարևորվեց երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը, Հայրենիքում սփյուռքահայերի կողմից ներդրումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումը:

Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի և Սփյուռքի գիտական կենտրոնների հետ համագործակցությամբ կատարված հետազոտությունները և հրատարակված աշխատությունները:

Նախարարության կողմից իրականացվող աշխատանքներում առանձնահատուկ տեղ են գրավում համայնքների ինքնակազմակերպմանը, Սփյուռքում հայապահպանությանը, հայ ներուժի համախմբմանը և Հայաստանի ու Արցախի զարգացման համար դրա   օգտագործմանն ուղղված ծրագրերը:

Հակիրճ ելույթներով և հարցադրմներով հանդես եկան ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Լուիզա Սարգսյանը, Վարդան Բոստանջյանը և Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, «Ելք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանգամանալից պատասխանեց հայրենադարձության խթանմանը, սփյուռքահայերի ներդրումների ընդլայմանը, խորհրդարանի բարեկամական խմբերի և սփյուռքյան կառույցների հետ տարվող աշխատանքների կառուցակարգերին, իրավական խնդիրների լուծմանն առնչվող հարցերին  և պատգամավորներին հրավիրեց մասնակցելու սփյուռքյան համապատասխան կառույցների հետ տարվող աշխատանքներին, հույս հայտնեց,  որ նման քննարկումները կդառնան պարբերական և մեծապես կնպաստեն առկա խնդիրների լուծմանը:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց նման ձևաչափի աշխատանքը և շնորհակալություն հայտնեց քննարկման մասնակիցներին և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ոլորտն ու նրա խնդիրները համապարփակ և հանգամանալից ներկայացնելու և պատգամավորների հնչեցրած հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար:

 

Scroll Up