Մխիթարյան կրթահամալիրի սաները պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներով

Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Ավան թաղամասում գտնվող Մխիթարյան կրթահամալիրում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով աշակերտական մրցույթի արդյունքների ամփոփման և պարգևների հանձնման արարողությանը:

 Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաների ուժերով ներկայացվեց թատերաերաժշտական բեմադրություն, որը պատմում էր ցեղասպանության,  ինչպես նաև հայոց պատմության հերոսական դրվագների  և  հայոց մեծերի մասին:

 Բեմադրության ավարտից հետո, միջոցառմանը ներկա Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր, Հայր ծայրագույն վարդապետ Գոճանյանը ողջունեց  միջոցառման մասնակիցներին և հրավիրեց նախարար Հրանուշ Հակոբյանին՝  ամփոփելու «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» մրցանակաբաշխության արդյունքները:  Մինչ իր գնահատանքի խոսքը սկսելը,  նախարարը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից հեռացած Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս  ԺԹ-ի  հիշատակը:

 Ապա, Նախարարը դրվատանքի և շնորհակալանքի խոսք ուղղեց Մխիթարյան կրթահամալիրի տնօրինությանն ու աշակերտությանը` Նախարարության կողմից հայտարարված մրցույթի հանդեպ մեծ պատասխանատվություն  և  պատրաստվածություն ցուցաբերելու համար:

  «Ուրախ եմ, որ այս կրթահամալիրը ընդհանուր կրթական ծրագրերից զատ, մեծ ուշադրություն է դարձնում մշակութային դաստիարակությանը:  Եվ ձեր ցուցադրած բեմադրությունը, որը պոեզիայի,  երաժշտության,  պարի  և  թատերախաղի հրաշալի համադրություն էր`  վկայում  է  ձեր խորը գիտելիքների  և գեղագիտական բարձր դաստիարակության մասին:  Ուզում եմ, որ էլ՛ավելի մեծ արդյունքների հասնեք,   ուզում եմ,  որ լավ մարդ  և  լավ հայ մեծանաք ու ձեր գիտելիքներով կարողանաք արժանի տեղ գրավել կյանքում», – ասաց նախարարը` հավելելով, որ միայն խորը, համապարփակ գիտելիք ունեցող սերունդը կարող  է  հաղթական ավարտի հասցնել համայն հայության «Հիշում եմ  և  պահանջում» կարգախոսը:

 Այնուհետև, Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության պարգևները հանձնեց հաղթող ճանաչված սաներին` Ալբերտ Մակարյանին, Հակոբ Տեր-Հարությունյանին, Արամ Խոսրովյանին, Ալբեր Մակարյանին,  Սևակ Պետրոսյանին  և  Անդրանիկ Փանոսյանին:

m1m3 m

Scroll Up