Վալանսի «Արմենիա» միության նախաձեռնությամբ կայացել է «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը

Հունվարի 12-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Արմենիա» միությունը Բուրգ-լե-Վալանսի «Jean Moulin» սրահում կազմակերպել էր «Cuisine d’Arménie» («Հայաստանի խոհանոցը») գրքի շնորհանդեսը՝ մասնակցությամբ գրքի հեղինակներ քույր և եղբայր Ռիշար և Կորին Զարզավաջյանների:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արմենիա» միությունից, «Cuisine d’Arménie» («Հայաստանի խոհանոցը») գիրքը մեծ աղմուկ է հանել Ֆրանսիայում, ներկայացվել Ֆրանսիայի հեռուստատեսությամբ, ռադիոյով և թերթերով:
Ռիչարդ Զարզավաջյանը France 2 հեռուստաընկերության լրագրող է, իսկ Կորին Զարզավաջյանը, որը վերջերս Հայաստան էր այցելել, դերասանուհի է:
Գիրքը պարունակում է հայկական շուրջ 100 ճաշատեսակ՝ լուսանկարներով և բաղադրատոմսերով: Այն մեծ համբավ է վայելում Ֆրանսիայում և արդեն վաճառվել է գրքի մի քանի հազար օրինակ:
Երեկոյին ներկա էին 80-ից ավելի մարդիկ, որոնց թվում էին Վալանսի հայկական միությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին նաև Վալանսի և Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանների անդամներ:
«Արմենիա» միության նախագահ, լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ գրական երեկոյին ներկա լինելու համար:
Այնուհետև Ռիշար և Կորին Զարզավաջյանները ներկայացրեցին գիրքը, պատասխանեցին ներկաների հարցերին և մակագրեցին գրքերը:
Ավարտին տեղի ունեցավ փոքրիկ հյուրասիրություն: Գրիգոր Ամիրզայանը ներկաներին հրավիրեց ճաշակելու հայկական կերակրատեսակներ և գինի:
Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, «Cuisine d’Arménie» («Հայաստանի խոհանոցը») գրքի շնորհանդեսը կայացավ Վիեն քաղաքի «Lucioles» գրադարանում և քաղաքի կենտրոնում գտնվող հայկական «Les Frangins» ռեստորանում: Նույն օրը գիրքը ներկայացվեց Լիոնի «Bahadourian» հայկական հաստատությունում, որը գտնվում է «Halles de Lyon» կենտրոնում: