«Մեծանալ՝ խաղալով». այս խորագիրն էր կրում Ամանորյա միջոցառումը, որը Միսլատայի (Վալենսիա) հայկական կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրեցին ծնողներին և հանդիսատեսին: Ինչպես
«Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից, բացի տոնական միջոցառում լինելուց, Արարատ Ղուկասյանի այս աշխատությունը կարևորագույն հաղորդագրություն է պարունակում իր մեջ համաշխարհային հանրության համար, առ այն, որ աշխարհում միլիոնավոր երեխաներ ապրում են ծայրահեղ աղքատության, սովի, համաճարակների և պատերազմների թոհուբոհով լի մանկություն, որն իրավունք չունի նույնիսկ «մանկություն» կոչվելու: Մանուկները պետք է ապրեն անհոգ, խաղալիքներով շրջապատված, անմասն մեծերի շահերից, եսասիրությունից կամ հոգսերից և… «մեծանան՝ խաղալով»:
Մի երկրում, որտեղ պատերազմ է, երեխաներն անհամբեր սպասում են Ամանորին, սակայն գրեթե համոզված են, որ Ձմեռ պապին չի այցելելու և նրանց համար խաղալիքներ չի բերելու: Մտահոգ է նաև ծաղրածուն, ով փոխանակ ուրախ լինելու և երեխաներին ուրախացնելու, մի անկյունում տխուր ու անճար նստած, լալիս է: «Մեր երկրում պատերազմ է, սով, համաճարակ… Այս երկրի մասին նույնիսկ Աստված է մորացել, ուր մնաց’ Ձմեռ պապին հիշի մեզ», – ասում է նա բարի կախարդին և խնդրում նրան մի ճար գտնել: Բարի կախարդն, իհարկե, մի ճար գտնում է, և Ձմեռ պապին հասնում է պատերազմի բովում այրվող երկրին, այցելում է նկուղում պատսպարված մանուկներին և շատ նվերներ ու խաղաղություն է բերում նրանց:
Դե, իսկ երեխաներն էլ, իրենց հերթին, զարմացնում են աշխարհի ամենաբարի պապիկին իրենց գիտելիքներով’ հրամցնելով նրան և, իհարկե, հանդիսատեսներին բազմաթիվ բանաստեղծություններ ձմռան, առաջին ձյան, փափուկ փաթիլների, տոնածառի, Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասին:
Ահա այսպես, «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ ևս մեկ տարի վալենսահայ երեխաներին այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը’ հանձնելով նրանց բազմաթիվ խաղալիքներ և մաղթելով աշխարհին խաղաղություն, որպեսզի բոլոր երեխաներն ունենան անհոգ մանկություն, գոնե մեկ խաղալիք և… «մեծանան՝ խաղալով»: