Պրոֆեսիոնալ ռինգում Թուրքիան առաջին անգամ ներկայացրած հայը. Գարբիս Զաքարյան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի հանրապետությունն առաջին անգամ ներկայացրել է ազգությամբ հայ Գարբիս Զաքարյանը: 1930-ին Պոլսի հայկական Շիշլի թաղամասում ծնված հայ բռնցքամարտիկը Թուրքիայում հայտնի է «Երկաթե բռունք» մականվամբ:

Զաքարյանը ստիպված էր 5-րդ դասարանից լքել դպրոցը և փոստատար աշխատել՝ ծնողներին օգնելու համար: Հայ բռնցքամարտիկի սպորտային կարիերան սկսվել է 14 տարեկանից: 1948 թվականին նա դառնում է Թուրքիայի չեմպիոն 48 կգ քաշային կարգում, իսկ 1951-ին՝ երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:

Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում նա մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տարել 226 հաղթանակ, ունեցել ընդամենը երկու «նոք աութ»: 1960-ականների վերջերին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարյանը սկսում է մարզչական գործունեությամբ զբաղվել:

88-ամյա բռնցքամարտիկն այժմ իր տիկնոջ հետ ապրում է Ստամբուլի Շիշլիում: Նրա սպորտային կարիերայի և անձնական կյանքի մասին պոլսահայ գրող Արամ Քուրանը և թուրք գրող Էրդեն Աքթողուն գիքր են համահեղինակել՝ Պոլսի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի աջակցությամբ, գրում է panarmenian.net-ը:

Scroll Up