«Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղերից». Սփյուռքի նախարար

Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Մարկոս Քեսյանին և Խոստայի շրջանի բաժանմունքի նախագահի տեղակալ Վալերի Մուրադյանին:
Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց համայնքի ակտիվ մասնակցությունը սահմանապահ գյուղերին աջակցության ծրագրին ու հավելեց. «Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղերից: Շատ ազգանվեր ու անգնահատելի գործ եք անում: Արդեն մի քանի տարի է համայնքի ուժերով հոգում եք Տավուշի մարզի Չինարի գյուղի կարիքները, նորոգել եք գյուղի դպրոցը, մի քանի տարի հյուրընկալում եք գյուղի երեխաներին, այսօր էլ ուղևորվում եք Չինարի՝ նրանց Ամանորի նվերներ ու քաղցրավենիք հասցնելու: Շնորհակալ եմ հայրենանվեր աշխատանքի, մեր ծրագրերին արձագանքելու և ակտիվ համագործակցության համար»:
Վալերի Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, նշեց, որ կազմակերպության հիմնական նպատակն է հայերի համախմբումը Հայրենիքի շուրջ, Հայաստանի հզորացումը և ազգային ինքնության պահպանումը: