Հայկական դուդուկի հոգեթով ելևէջները հուզել են օտար հանդիսատեսին

Ազգերի միջև բարեկամություն, խաղաղություն և համերաշխություն հաստատելու միջոցներից մեկն էլ մշակույթն է, մշակութային զանազան նախաձեռնությունները:
Դեկտեմբերի 15-ին Կորդոբայի Արդարադատության նախարարության և Էկոնեմիկ միջկրոնական միության նախաձեռնությամբ Արդարադատաության նախարարության պալատում տեղի է ունեցել մշակութային նման մի միջոցառում` խաղաղության կոչով, որի ընթացքում ելույթ են ունեցել Արգենտինայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներ, երգիչ-երգչուհիներ, կատարող երաժիշտներ:
Հայաստանը ներկայացրել է Արգենտինայում ճանաչված երաժիշտ, ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը: Միջոցառման ընթացքում երաժիշտը կատարել է Կոմիտասի «Կռունկ»-ը և Գրիգոր Նարեկացու «Հավուն-հավուն»-ը:
«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Գասպարյանն ասաց, որ ընտրել է «Հավուն-Հավուն»-ը, քանի որ ցանկանում էր օտարներին ցույց տալ հայկական հոգևոր երաժշտության վաղեմությունն ու ակունքերը, ինչպես նաև՝ հարատևությունը, իսկ «Կռունկ»-ը, իր խոսքերով, կատարել է՝ իբրև Հայրենիքի կարոտի և հայրենասիրության խորհրդանիշ:
Համերգին ներկա են եղել Կորդոբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը, Կորդոբայի Խտրականության հարցրերով նախարար հայազգի Մարիա Պեդիսիոն, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ և այլ հյուրեր:
Միջոցառման ավարտին համերգի կազմակերպիչները Գագիկ Գասպարյանին ասել են, որ իրենց համար մեծ պատիվ է Արդարադատության պալատի կամարների ներքո ունկնդրել հայկական դուդուկի անչափ հուզիչ և հոգեթով ելևեջները, իսկ օտար հանդիսատեսները, մոտենալով մեր հայրենակցին, իրենց հիացմունքն են արտահայտել հայկական մշակույթի հանդեպ՝ շեշտելով, որ դուդուկն, իրապես, հոգու անդորր է պարգևել իրենց՝ լիարժեքորեն փոխանցելով մարդկանց խաղաղության կոչը: