Հրանուշ Հակոբյանի այցը Մարսելի «Խաչատուր Աբովյան» դպրոց
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 26-ին այցելել է Մարսելի «Խաչատուր Աբովյան» դպրոց, որն այս տարի տոնում է հիմնադրման 40-ամյակը:
Դպրոցում նախարար Հրանուշ Հակոբյանին աղ ու հացով դիմավորել են մեկօրյա դպրոցի սաները: Նախարարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի պայմաններին, զրուցել աշակերտների հետ:
Այնուհետև Սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել դպրոցի ղեկավարների, ուսուցչական կազմի և ծնողների հետ: Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը կարևորել է դպրոցի գոյությունը, կատարած աշխատանքը, որը օգնում է օտար երկրում ապրող հայ փոքրիկներին կառչած մնալ իրենց արմատներին, պահպանել ինքնությունն ու հայկական դիմագիծը: Սփյուռքի նախարարը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դպրոցի ղեկավարներին, որոնք Սփյուռքում կարևորում են կրթօջախ ստեղծելու անհրաժեշտությունը: Ներկայացնելով Սփյուռքի նախարարության ծրագրերը՝ Հրանուշ Հակոբյանը հորդորել է մասնակցել «Արի տուն» ծրագրին, որը հնարավորության կտա ոչ միայն այցելել հայրենիք, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ հասակակիցների հետ:
Իր ելույթի վերջում Հրանուշ Հակոբյանը դպրոցի հոգաբարձուների խորհրդի 4 անդամների պարգևատրել է նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներով՝ Սփյուռքում Մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար:
«Դպրոցում անվճար ուսուցումը կատարվում է արևելահայերեն: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դպրոց հաճախող երեխաները սովորեն ոչ միայն հայերեն գրել ու կարդալ, այլև կարողանան ծանոթանալ հայոց պատմությանը, մշակույթին: Գործում է նաև ծնողների համար նախատեսված ֆրանսերենի դասընթաց, որպեսզի վերջիններս կարողանան արագ ինտեգրվել հասարակությանը և իրենց մեկուսացված չզգան: Դասընթացին շուրջ 40 ծնող է հաճախում,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Խուրշուդյանը, ով արդեն 3-րդ տարին է, ինչ ղեկավարում է դպրոցը, որտեղ այսօր շուրջ 100 երեխա է սովորում: