Երկրաշարժից տուժել է Տիգրանակերտի ամրոցի 1970թ. կառուցված շինությունը

Ադրբեջանում նոյեմբերի 15-ի գիշերը գրանցված երկրաշարժի հետեւանքով վնասվել է Տիգրանակերտի ամրոցի այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին:

Այս մասին Արցախպրեսը տեղեկանում է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից:

«Գիշերային երկրաշարժի հետեւանքները Տիգրանակերտում։ Բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել: Վնասվել է  շինության այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է եղել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ։ ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության կայքի փոխանցմամբ, երկրաշարժը գրանցվել է ժամը 23:48-ին, Բարդա քաղաքից  20 կմ դեպի արեւելք-հարավ-արեւելք ընկած հատվածում։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով`19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան  եւ արեւելյան երկայնության 47.10 աստիճան  աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում եւ Արցախի Հանրապետությունում՝ 2-3 եւ 3-4 բալ ուժգնությամբ:

Scroll Up