Կայացավ «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/Հակոբ-Պողոսյանի-1.jpg)
«Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթը՝ նվիրված հայ ականավոր լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակի, նախաձեռնել և 2002թ. սկսած իրականացնում է Հակոբ Պողոսյանի այրին՝ ԱՄՆ-ում բնակվող Անի Պողոսյանը, նպատակ ունի նպաստելու աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսելու հայոց լեզվի իմացությունն ու ստաղծագործական աշխատանքը, ինչպես նաև առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալու պատանիներին դրսևորել իրենց գիտելիքները:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Թեքեյան կենտրոն» հիմնադրամից, օրերս Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում՝ Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում, կայացավ ամենամյա ձեռնարկի արդյունքների ամփոփումը (մրցույթը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 8-ին Թեքեյան Կենտրոնում): Այս տարվա ստեղծագործական շարադրությունների թեմաներն էին՝ «Խաղաղ երկինք» և «Երազի թեւերով»: Մրցույթի մասնակիցներն էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները. բոլորն էլ արժանացան խրախուսական մրցանակների՝ Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակին:
Հակոբ Պողոսյանը ծնվել է Լիբանանում՝ 1936թվականին: Հաճախել է Հայ Կաթողիկե Մեսրոպյան և ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանները: Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ավարտել է Լոնդոնի համալսարանի միջազգային լրագրության բաժնի դասընթացները: Դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթն ու լեզուն: Վաղ հասակից գիտակցել է հայի ինքնության պահպանման կարևորությունը և ուսանողական տարիներից ի վեր բեղուն ազգանվեր գործունեություն ծավալել լիբնանահայ համայնքի հասարակական կյանքում: Աշխատել է «Յառաջ», «Յառաջ Գրական», «Զարթօնք» թերթերում: 1989թ. ընտանիքով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ շուտով ստանձնել Կալիֆորնիայի «Նոր օր» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Եղել է նաեւ ՀԲԸՄ Կալիֆորնիայի հանձնաժողովի վարիչ-քարտուղարը։ Արժանացել է ԹՄՄ «Ռիթա եւ Վարդգէս Պալեան» մամլո մրցանակին: Կյանքից հեռացել է վաղաժամ՝ 2001թ.: