Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցի այցելելը ներքին մղում էր. Սարգիս Գասարջյան

Դեր Զորի ազատագրումը կարևոր նշանակություն ուներ հայերի համար: Քաղաքում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված, ցեղասպանության բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որը 2014 թվականին պայթեցրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) ահաբեկիչները:

Ազատագրումից օրեր անց, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի խնդրանքով՝ լրագրող Ահմադ Համտուշինը լուսանկարել էր հայկական եղեղեցին, իսկ մի քանի օր անց քաղաք էր այցելել սիրիահայ լրագրող, քաղաքական վերլուծաբան Սարգիս Գասարջյանն ու տեսանկարահանել այն, ինչ մնացել է հուշահամալիրից, որը ուխտատեղի էր յուրաքանչյուր հայի համար:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Սարգիս Գասարջյանն ասաց, որ անցնող տարիների ընթացքում իբրև թղթակից՝ հաճախ է եղել Դեր Զորում: Իսկ նոյեմբերի 8-ին, ազատագրումից հետո, առաջին անգամ էր լինում քաղաքում. «Ճիշտ է, Դեր Զորը ազատագրված է, սակայն շարունակում է վտանգավոր լինել, որովհետև ականապատված է: Անգամ հուշահամալիր գնալը հեշտ չէր, ինչպես որ հեշտ չէր տեսնել եկեղեցին, եկեղեցու ավերակները:

Սրբոց Նահատակաց  եկեղեցու գետնահարկը ԴԱՀԵՇ-ի հիմնական կենտրոնն է եղել, ապաստարանը, որովհետև մտածել են, որ սիրիական բանակը դժվար եկեղեցին որպես թիրախ օգտագործի:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրից գրեթե ոչինչ չի մնացել: Վնասը շատ մեծ է: Ամենուր փլատակների կույտ էր և հնարավոր չէր որևէ բան փնտրել: Միայն կարողացա գտնել քարերի կտորներ, որոնց վրա հայերեն արձանագրություններ կային: Բոլորս գիտենք, որ եկեղեցուն կից  գտնվող հուշահամալիրում ամփոփված էին բազմաթիվ մասունքներ, այնտեղ էին պահվում Հայոց ցեղասպանությունը փաստող բազմաթիվ վավերագրեր, որոնց ճակատագիրն այսօր հայտնի չէ: Մեծ ջանքեր ու ֆինանսական միջոցներ կպահանջվի հուշահամալիրը նորոգելու համար»:

«Հայերն այսօր»-ի հարցին` հուշահամալիր այցելելը մասնագիտության թելադրանք էր, թե պատճառն այլ դրդիչ ուժ էր՝ սիրիահայ լրագրողը պատասխանեց.

«Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցի այցելելը ներքին մղում էր, և որպես հայ՝ հատուկ նշանակություն ուներ ինձ համար: Երբ 14 տարեկան էի, հայրս Դեր Զորում էր աշխատում: Եկեղեցին ինձ համար ամենօրյա զբոսավայր էր, գնում էի տեսակցելու պատանիների հետ: Դպրոց չկար, և Հալեպից մի ուսուցիչ էր գնացել՝ երեխաներին դասավանդելու: Մինչև պատերազմը մոտ 17 հայ ընտանիք էր ապրում Դեր Զորում: Թեև փոքր էի, բայց քաղաքի հայ երեխաներին Հայոց պատմության փոքրիկ դրվագներ էի ուսանում, որովհետև թեև նրանք հայախոս էին, բայց հայերեն գրել-կարդալ չգիտեին: Այդ հիշողությունները դեռ թարմ են իմ մեջ: Եվ ամենակարևորը՝ յուրաքանչյուր ապրիլի 24-ին Դեր Զոր այցելությունը յուրատեսակ ուխտագնացություն էր յուրաքանչյուր հայի համար»:

Խոսելով հայկական համայնքի վրա պատերազմի թողած ազդեցության մասին՝ Սարգիս Գասարջյանը նշեց, որ ո´չ միայն մարդկային կորուստներ ունեցանք, այլև նյութական: Ահաբեկիչները կործանեցին բազմաթիվ հայկական հուշարձաններ, եկեղեցիներ ո´չ միայն Դեր Զորում, այլև Հալեպում, Ռաքքայում, նվազ կորուստներ կրեց միայն Դամասկոսի համայնքը:

«Այսօր վտանգը, ռմբակոծությունները նվազել են, հուսանք, որ պատերազմի վերջին հանգրվանն է, և մենք խաղաղության ճանապարհին ենք:

Սիրիահայ համայնքի դատարկվելը մեծ կորուստ էր: Երբեմնի ծաղկուն համայնքը, որը կարևոր դերակատարություն և մասնակցություն է ունեցել համազգային խնդիրների լուծման գործում, միշտ եղել հայրենիքի կողքին, այսօր ծնկաչոք է: Պետք է ձևեր գտնել այն ոտքի կանգնեցնելու համար, որովհետև համայնքի գոյությունը կարևոր նշանակություն ունի ողջ հայության համար»,-իր խոսքը եզրափակեց Սարգիս Գասարջյանը:

Լ.Ա. 

Scroll Up