Դինքի ընտանիքի փաստաբանը պահանջել է հետաքննություն սկսել Ժանդարմերիայի 13 նախկին պաշտոնյայի դեմ

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն պահանջել է թուրքական դատարանից հետաքննություն սկսել Ստամբուլի և Տրապիզոնի Ժանդարմերիայի 13 նախկին պաշտոնյաների դեմ, այս մասինTert.am-ը տեղեկանում է «Ակօս»-ից:

Հիմնականում հետախուզական բաժնի հետ կապ ունեցող պաշտոնյաների թվում է նաև Ստամբուլի Ժանդարմերիայի հրամանատարներից Ունալ Քարաօսմանօղլուն, որը փաստաբանի պնդմամբ պատասխանատու է Դինքի անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար:

Բաքըրջըօղլուն Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն է ներկայացրել նյութեր, որոնք փաստում են, որ Քարաօսմանօղլուն Դինքի սպանությունից առաջ տեղեկություններ է ստացել նրա դեմ ուղղված սպառնալիքների մասին և հետևաբար՝ պատասխանատու է եղել նրա անվտանգությունն ապահովելու համար:

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քարաօսմանօղլուն 2005 թվականին ստորագրել է թուրք գրող Օրհան Փամուկին հատուկ պահպանության տակ առնելու մասին որոշումը, մինչդեռ երբ ծագել է Դինքին նույնկերպ պաշտպանելու անհրաժեշտություն՝ հապաղել է:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Scroll Up