«Մանուկների մշակույթի արվեստանոց» Վալանսի «Հայ մշակույթ»-ի տան նախաձեռնությամբ
Վալանսի «Հայ մշակույթ»-ի տունը, ինչպես յուրաքանչյուր դպրոցական արձակուրդներին, հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը կազմակերպել էր 5-ից 11 տարեկան վալանսաբնակ հայ երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված կրթական-ժամանցային ձեռնարկներ՝ «Մանուկների մշակույթի արվեստանոց» խորագրով:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, ձեռնարկն արդեն ծանոթ է երեխաներին, որին նրանք սիրով և ոգևորությամբ են մասնակցում: Բացառություն չէր նաև այս անգամ:
«Հայ մշակույթ»-ի տան նախագահ Նազո Ջինբաշյանն իր խմբի հետ, հիմք ընդունելով նախկին 4 տարիների փորձը, երկու ամիս պատրաստվել էին, որպեսզի երեխաներին հնարավորություն տրվի հաղորդակցվելու հայոց լեզվին և մշակույթին:
Ծրագրում ներառված էր հայկական գեղարվեստական և մշակութային սեմինարներ, հայերենի դասեր, նկարչություն, հայկական գեղագրություն, պարեր, երգեցողություն, խաղեր և այլն:
Նկարչական արվեստանոցը վարել է տաղանդավոր արվեստագետ Ժերոմ Բոյատջյանը, իսկ անուշեղենների պատրաստման վարպետ Արմինե Սբիրհան-Րասկելինյանը երեխաներին ծանոթացրել է մրգային պաշտետների (Pչtes de fruits) արվեստին:
Ձեռնարկը եզրափակվել է շուրջ 80 հանդիսատեսի ներկայությամբ, որոնք դիտել են երեխաների ձեռագործ աշխատանքները, պարային և երաժշտական ներկայացումները:
Հաջորդ ձեռնարկը Ամանորի և փետրվարի դպրոցական արձակուրդներին է նախատեսված: