Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կներկայացվի հայկական մշակույթը

Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան կներկայացվի համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող բացառիկ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2018թվականի սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին  «Արարատ Էսքիջյան»  թանգարանում ցուցահանդեսի մասին մանրամասներ ներկայացրեց «Մետրոպոլիտեն»-ի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության Բյուզանդական բաժնի համակարգող Հելեն Էվանսը:

«Ցուցահանդեսում կներկայացվի վաղ միջնադարից մինչև 17-րդ դար հայոց պատմությունն ու մշակույթը`  քրիստոնեության ընդունելության, Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցության, Կիլիկիայի Հայոց թագավորության տարիների մասին ցուցանմուշներ,  տարբեր դարերի ձեռագրեր, հայերեն առաջին տպագիր գրքեր»,- տեղեկացրեց Հելեն Էվանսը:

Ցուցադրությունը հիմնականում կազմված կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև կներառվեն Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձերից, նմուշներ կտրամադրեն «Գյուլբենկյան» հիմնարկությունը և որոշ ոչ հայկական աղբյուրներ:

Հելեն Էվանսը նշեց, որ բացառիկ առիթ է ընձեռվել աշխարհի հնամենի մշակույթներից մեկը կրող ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ժամանակակից ձևով ներկայացնելու: «Մենք հույս ունենք, որ  ցուցադրությունը հայերին հպարտության տեղիք կտա, երբ տեսնեն, թե Հայաստանը ինչպես է ըստ պատշաճի ներկայացված: Միաժամանակ, ակնկալում ենք աշխարհին առավել ճանաչելի և ընդունելի դարձնել հայ մշակույթը` որպես համաշխարհային արվեստի ներկայանալի մաս»,- նշեց Էվանսը` պատիվ համարելով իր ներգրավվածությունը ցուցահանդեսի կազմակերպման գործընթացում: Բանախոսության ընթացքում, հայկական ձեռագրերի մասնագետ Հելեն Էվանսը խոսեց հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների մասին, ներկայացրեց հազվագյուտ ձեռագրեր:

Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, այն մասին, թե ինչպես կարելի է լուծել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում` «Մետրոպոլիտեն»-ում այլ երկրների ներքո ներկայացված հայ մշակույթի գանձերը որպես հայկական ներկայացնելու հարցը, Հելեն Էվանսը նկատեց, որ նման ցուցահանդեսները լավագույն միջոցը կարող են լինել:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: Կազմակերպման աշխատանքներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության ղեկավարության ներքո:

Նանե Ավագյան

Scroll Up