Նիւ Եորքի «Մետրոպոլիտէն» Թանգարանում Հայ Մշակոյթը Կը Ներկայացուի Որպէս Համաշխարհային Արուեստի Մաս

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Ասպարէզ»-Հայոց պատմութեան մի ողջ ժամանակաշրջան կը ներկայացուի համաշխարհային հեղինակաւոր մշակութային կենտրոններից մէկում՝ Նիւ Եորքի «Մետրոպոլիտէն» թանգարանում: 4-17րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգութիւնը ներկայացնող բացառիկ ցուցահանդէսի բացումը նախատեսուած է 2018թ.ի Սեպտեմբերի 21ին, ՀՀ անկախութեան օրը:

Ցուցահանդէսի մասին մանրամասներ, «Արարատ-Էսքիճեան» թանգարանում Հոկտեմբերի 22ին ներկայացրեց «Մետրոպոլիտէն»ի միջնադարեան արուեստի եւ վանքերի վարչութեան Բիւզանդական բաժնի համակարգող Հելեն Էւանսը:

«Ցուցահանդէսում կը ներկայացուի վաղ միջնադարից մինչեւ 17րդ դար հայոց պատմութիւնը ու մշակոյթը՝  քրիստոնէութեան ընդունման, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցութեան, Կիլիկիայի հայոց թագաւորութեան տարիների մասին ցուցանմուշներ,  տարբեր դարերի ձեռագրեր, հայերէն առաջին տպագիր գրքեր», տեղեկացրեց Հելեն Էւանսը:

Ցուցադրութիւնը հիմնականում կազմուած կը լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի եւ Պատմութեան թանգարանի նմուշներից, նաեւ՝ կը ներառուեն Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Մխիթարեան միաբանութիւնում պահուող հայ միջնադարեան մշակոյթի որոշ գանձերից, նմուշներ տրամադրուած «Կիւլպէնկեան» հիմնարկից եւ որոշ ոչ հայկական աղբիւրներից:

Հելեն Էւանսը նշեց, որ բացառիկ առիթ է ընձեռուել աշխարհի հնամենի մշակոյթներից մէկը կրող ժողովրդի պատմամշակութային ժառանգութիւնը ժամանակակից ձեւով ներկայացնելու: «Մենք յոյս ունենք, որ  ցուցադրութիւնը հայերին հպարտութեան տեղիք կը տայ, երբ տեսնեն, թէ Հայաստանը ինչպէս է ըստ պատշաճի ներկայացուած: Միաժամանակ, ակնկալում ենք աշխարհին   առաւել ճանաչելի եւ ընդունելի դարձնել հայ մշակոյթը՝ որպէս համաշխարհային արուեստի ներկայանալի մաս», նշեց Էւանսը՝ պատիւ համարելով իր ներգրաւուածութիւնը ցուցահանդէսի կազմակերպման գործընթացում: Բանախօսութեան ընթացքում, հայկական ձեռագրերի մասնագէտ Հելեն Էւանսը խօսեց հայոց պատմութեան տարբեր ժամանակաշրջանների իրադարձութիւնների մասին, ներկայացրեց հազուագիւտ ձեռագրեր:

Պատասխանելով ներկաներից մէկի հարցին, այն մասին, թէ ինչպէս կարելի է լուծել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թւում՝ «Մետրոպոլիտէն»ում այլ երկրների ներքոյ ներկայացուած հայ մշակոյթի գանձերը որպէս հայկական ներկայացնելու հարցը, Հելեն Էւանսը նկատեց, որ նման ցուցահանդէսները լաւագոյն միջոցը կարող են լինել:

Նիւ Եորքի «Մետրոպոլիտէն» թանգարանում Հայաստանին նուիրուած ցուցահանդէսը կը տեւի մինչեւ Յունուարի 13ը: Կազմակերպման աշխատանքներն անցկացւում են ՀՀ մշակոյթի նախարարութեան ղեկավարութեան ներքոյ:

Scroll Up