Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը համալրեց Գինեսի ռեկորդների գիրքը

Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը պաշտոնապես հաստատեց Երևանում ամիսներ առաջ սահմանված երաժշտական ռեկորդը:

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանի ռեկորդը պաշտոնապես հաստատել է Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը: Այդ մասին Մադոյանը գրել է Facebook սոցցանցի իր էջում, հաղորդում  է armeniasputnik.am-ը։

«Սիրելի հայեր: Հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատեց Երևանում ամիսներ առաջ սահմանված երաժշտական ռեկորդս։ 30 տարի է, ինչ բարձր բեմերում եմ. մի ժամանակահատված, որն համընկել է Արցախյան հերոսամարտի ընթացքի հետ: Իմ այս փոքրիկ հաղթանակը նվիրում եմ մեր մեծ Հաղթանակը կերտող բոլոր ազատամարտիկներին», — գրել է Մադոյանը։

Նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր ունկնդիրներին՝ անկախ ազգությունից։ «Իմ արվեստի ճանապարհին ինձ ուժ և անսահման երևակայություն հաղորդելու համար»,- ընդգծել է նա:

Նիկոլայ Մադոյանը ռեկորդ էր սահմանել, որը ներառվել էր հայկական «Դյուցազնագրքում»: Նա 59 ստեղծագործություն է նվագել ջութակով 35 ժամ շարունակ՝ ժամը մեկ 5 րոպե ընդմիջմամբ։

Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մարտի 3-ին Մադոյանը խոստովանեց, որ այդ, կարծես թե, անհավանական քայլը նա արել է մասնագիտական հետաքրքրվածությունից դրդված: Մշակել է իր վրա փորձարկած մեթոդը, որն օգնել է երկար ժամանակ նվագելիս այնպես կառավարել մկանային համակարգը, որ հոգնածություն չզգացվի:

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թվականին Երևանում: Համերգների է մասնակցել համաշխարհային հայտնիություն ունեցող դիրիժորների և լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

1988 թվականին նա դարձավ երիտասարդ կատարողների` Չայկովսկու անվան համամիութենական մրցույթի, իսկ 1991 թվականին` Գեորգ Կլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող:

Scroll Up