Ալմաթիի կիրակնօրյա դպրոցը մեկ տարեկան է

2016-ի հոկտեմբերի 1-ին Ալմաթիի «Ամուրե» համերգաժամանցային հա­մալիրի հարմարավետ շենքում Ղազախստանի հայերի միության «Մասիս» կազմա­կեր­պու­թյան ղեկավար Էռնեստ Վարդերեսյանի ջանքերով իր գործունեությունն սկսեց հայ­կա­կան կիրակնօրյա դպրոցը։ Թվում է՝ մեկ տարին բավարար չէ սեփական ձեռագիր ունե­նալու և «պատմություն» կերտելու համար, բայց արի ու տես, որ այդ կարճ ժամանա­կահատվածում Ալմաթիի դպրոցը ոչ միայն կարողացել է իր շուրջը համախմբել հայ երեխաներին, այլև դար­ձել է ազգային մշակույթի զարգացման ու տարածման յուրատեսակ կենտրոն, որտեղ կազ­մա­կերպվում են մշակութային միջոցառումներ, մեծ շուքով և հանդիսությամբ են նշվում նաև Ղազախստանի և ՀՀ պետական տոները։

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, այս տարի Լուսինե Շահվերդյանի նա­խա­ձեռ­նությամբ, ով, ի դեպ, կառույցի ղեկավար Է. Վարդերեսյանի բնորոշմամբ, հայրենասեր և իր գործի իսկական նվիրյալ մարդ է, կազմակերպվեց նաև ամառային դպրոց։ Այժմ էլ Լուսինեն «Մասիս»-ի ղեկավարության հետ համատեղ, նախագծում է Ալմաթիում հայերենի ուսու­ցիչ­ների դպրոց-կենտրոն հիմնելու ծրագիր և այլն։

Նրանք, ովքեր ճանաչում են Ղազախստանի հայերի միության «Մասիս» հասարակական կազմակեր­պու­թյան ղեկավար Էռնեստ Վար­դե­րեսյանին և գործադիր կոմիտեի անդամներին՝ Ռոդիկ Մնացականյանին, Սահակ Սալում­յա­նին, Ռիմա Ցականյանին, Լուսինե Շահվերդյանին, վստահ են, որ նրանց ցանկացած ծրա­գիր կամ նախագիծ շատ շուտով իրականություն է դառնալու։

Մենք էլ շնորհավորում ենք Ալմաթիի մեր հայրենակիցներին կիրակնօրյա դպրոցի մեկամյակի առթիվ և մաղթում բեղմ­նավոր գործունեություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի։

Scroll Up