Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի պատմական այցը Ռումինիա
Սեպտեմբեր 26-ին Ալեքսանդրիոն հիմնադրամի հրավերով Ռումինիա է ժամանում Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, որին Օտոպեն միջազգային օդանավակայանում դիմավորում են Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և առաջնորդական փոխանորդ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից:
Նույն օրը Տաթև Սրբազանը ներկա է գտնվում Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի պարգևատրման արարողությանը: Ալեքսանդրիոն հիմնադրամի կողմից Պատրիարքը պարգևատրվում է «Կոնստանտին Բրընկովեանու» հատուկ մրցանակով:
Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիներն ունեն միևնույն քրիստոսաբանությունը և սրբազան ավանդությունը, հայրախոսական և ծիսական ժառանգությունը, ընդհանուր սրբեր և այսօր էլ սերտորեն զարգանում են պատմական ակունքներ ունեցող հարաբերությունները այդ երկու Եկեղեցիների միջև:
Հոկտեմբերի 1-ին, Նորին Սրբություն Իգնատիոս Բ-ը և իրեն ուղեկցող եպիսկոպոսաց դասը մասնակցում են Ռումինահայոց թեմի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցված սրբազան պատարագին: Պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս շեշտում է Հայ և Ասորի եկեղեցիների առաքելահաստատ և առեքալահիմն լինելը, այն դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը, որ առկա է երկու հնագույն եկեղեցիների միջև: Սրբազան հայրը նաև իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող պատերազմական ու լարված իրավիճակի համար և աղոթք բարձրացնում առ Աստված խաղաղության համար:
Պատարագի ավարտից հետո, Հայ Եկեղեցում սրբազան պատարագ է մատուցում նաև Իգնատիոս Պատրիարքը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին, Ռումինահայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին եղբայրական ջերմ ընդունելության և երկու եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների շարունակականության և համագործակցության համար` հայցելով մեկ ու կես միլիոն հայ նահատակների բարեխոսությունը:
Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի այցը Ռումինիա պատմական էր մի քանի առումներով: Նախ՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցու հիմնադրումից ի վեր սա այդ եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր Ռումինիա, երկրորդ՝ առաջին անգամ Ռումինիայի տարածքում մատուցվում է ասորական պատարագ, այն էլ Հայ Եկեղեցվո մեջ՝ արամեերեն, այն լեզվով, որով խոսում էր Հիսուս Քրիստոս:
Սրբազան Պատարագներին ներկա էին ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայերի Միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, երկու եկեղեցիների հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի անդամներ: Պատարագների ավարտից հետո ներկաները մասնակցում են Հայոց Առաջնորդարանի սրահում կազմակերպված հյուրասիրությանը: