Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/միսլատա.jpg)
Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցն իր դռները բացեց Վալենսիայի շրջանի հայ երեխաների առջև: Արդեն 13-րդ տարի` կրթօջախը մայրենին ու հայի ինքնությունը ջանասիրաբար սերմանում է հայ մանուկների, պատանիների ու երիտասարդների մեջ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Միսլատայի «Արարատ» հայկական միությունից, 2017-2018 ուս. տարում կիրակնօրյա դպրոցում կուսանեն 34 աշակերտ՝ 11-ով ավելի, քան նախորդ տարի: Առաջին անգամ Իսպանիայում ծնված երեխաների թիվը գերազանցում է Հայաստանում ծնված երեխաների թվին: Սա կարևոր ցուցանիշ է, քանի որ արդեն հաստատված և սերունդ տվող հայ ընտանիքները, ըստ ամենայնի, մտահոգ են իրենց երեխաների հայեցի դաստիարակությամբ ու մայրենիի իմացությամբ:
Այս տարի նաև առաջին անգամ դպրոց կհաճախեն նախադպրոցական տարիքի երեխաները: Այս դասարանում կսովորեն 3-5 տարեկան 12 աշակերտ:
Մեսրոպյան այբուբենը կուսանի նաև 30-ամյա Սաթենիկ Հովսեփյանը, ով արդեն 24 տարի բնակվում է հայրենիքից դուրս, արտակարգ խոսում է հայերեն և արյան կանչով տենչում է նաև գրել-կարդալ սովորել իր մայրենիով:
Հայկական կրթօջախում իրենց անմնացորդ ու ազգանվեր ծառայությունը կմատուցեն «Արարատ» հայկական միության անխոնջ անդամներ, ուսուցիչներ Աստղիկ Սաղաթելյանը, Գայանե Ղազարյանը, Սվետլանա Կարապետյանը և Արարատ Ղուկասյանը:
Ուսումնական տարվա բացման օրն արդեն դպրոց հաճախող աշակերտները բարիգալստյան փոքրիկ միջոցառում էին նախապատրաստել նորեկների համար: Նրանք երգերով ու ասմունքով դիմավորեցին նորեկներին՝ ուղղորդելով նրանց իրենց նոր կրթօջախ:
Եվ ուրեմն, հայկական դպրոցին մաղթենք բարի երթ, ուսուցիչներին՝ բեղմնավոր աշխատանք, իսկ աշակերտներին՝ հայկականությամբ լի գիտելիքներ: