Մոսկվայում քննարկվել է Հայաստանի և Պենզայի մարզի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունը

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Պենզայի մարզի փոխվարչապետ, ՌԴ կառավարությանը կից` Պենզայի Մարզի կառավարության ներկայացուցչության ղեկավար Ելենա Դուբինչուկի հանդիպումը «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի մարզերի և Պենզայի մարզի միջև առևտրա-տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հետանկարները:
Ներկա հանդիպման նշանակությունը պայմանավորված է դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումով, որը տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում: Ֆորումի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացումը և Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումն է:
Յուրի Նավոյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերը, գյուղատնտեսության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման ձեռքբերումները: «Ռուս-հայկական համագործակցության» նախագահը նաև նշեց, որ Հայաստանը մի յուրօրինակ հարթակ է, ուր լայնորեն ներկայացված է միջազգային բիզնեսը: Այսպիսով, Հայաստանի հետ համագործակցությունը թույլ կտա ընդլայնել Պենզայի մարզի առևտրա-տնտեսական կապերը արտասահմանյան երկրների հետ: Ըստ «Ռուս-հայկական համագործակցության» նախագահի, Հայաստանի հետ համագործակցության լրացուցիչ գործոններից մեկն էլ հանդիսանում է հայկական սփյուռքի ներդրումային ներուժը:
Պենզայի մարզի փոխվարչապետ Ելենա Դուբինչուկը պատմեց իր կառավարության առաջնահերթ հարցերի մասին, որոնց թվում է նաև ակտիվ ներդրումային քաղաքականությունը: Փոխվարչապետը ներկայացրեց Պենզայի մարզի տնտեսական, նորարարական և ներդրումային ներուժը` ուշադրություն դարձնելով ներդրողներին տրամատրվող հարկային արտոնությունների վրա: Ելենա Դուբինչուկը նշեց ներդրումների համար առավել հրապուրիչ ոլորտները, որոնց թվում են գյուղատնտեսությունը, գյուղմթերքների վերամշակումը, անտառային և դեղորայքային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը և այլն:
Միաժամանակ տեղեկություններ տրամադրվեցին Պենզայի մարզում վերջերս ստեղծված բարձր տեխնոլոգիաների տեխնոպարկի և արտադրական ու ագրոարդյունաբերական պարկերի մասին: Զրուցակիցները համաձայնություն ձեռք բերեցին Հայաստանի մարզերի և Պենզայի մարզի միջև համագործակցության հնարավորությունները ներկայացնելու համապատասխան գերատեսչություններին, ինչպես նաև նպաստելու հետագա հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ավարտին Յուրի Նավոյանը Պենզայի մարզի ներկայացուցչության ղեկավարին հանձնեց «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի գրքերը: Իր հերթին, Ելենա Դուբինչուկը «Ռուս-հայկական համագործակցությանը» փոխանցեց Պենզայի մարզը ներկայացնող նյութեր և հրատարակություններ:
Պենզայի մարզի կառավարության կայք
http://predprav.pnzreg.ru