Հայկական օրեր Գեորգեն քաղաքում
Սեպտեմբերի 8-10-ին Ռումինիայի Հարգիտա (Harghita) նահանգի Գեորգեն (Gheorgheni) քաղաքում անցկացվեցին հայկական օրեր` Գեորգենի Հայկական արվեստի փառատոնի 7-րդ թողարկումը: Փառատոնի պատվավոր հյուրերն էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը եւ Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
Փառատոնի եռօրյա ծրագրի մեջ ընդգրկված էին տեղի հայկական ժողովրդական ստեղծագործությունների ցուցադրություններ, հայկական հոգեւոր երգեր եւ ժողովրդական պարեր Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի եւ Գեռլա/Արմենոպոլիսի «Հայաքաղաք» պարախմբի կատարմամբ, տեղի հայկական խոհանոց, ուղեւորություն Գեորգենի մերձակա Չոբոտ լեռան Հայկական մատուռ, ինչպես նաեւ «Ազնավուր» եւ «Մուսա Լեռ» մյուզիքլները Բուդապեշտի «Ուրարտու» թատերախմբի կատարմամբ: Այս տարի Գեորգենի Հայկական արվեստի փառատոնը մաս էր կազմում Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական փառատոնի, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական եւ հունական ազգային փոքրամասնությունների պարեր եւ երգեր:
Փառատոնի այս տարվա թողարկումը նվիրված էր Գեորգենում հայերի հաստատման 380-ամյակին: Ի հիշատակ այդ պատմական տարեթվի, սեպտեմբերի 8-ին Հայ կաթոլիկ եկեղեցուն մերձակա տարածքում տեղադրվեց Հայկական խաչքար, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հայկական պատվիրակությունը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ եւ հյուրեր Հունգարիայի հայոց համայնքից, որոնց ջանքերով էլ խաչքարը հասցվել էր այստեղ: Նույն օրը հանդիսավորապես բացվեց Գեորգենի Հայ համայնքի տունը: Այս միջոցառումներին ողջույնի խոսքերով ելույթներ ունեցան մարզպետ Նալբանդյանը եւ դեսպան Գասպարյանը:
Հանդիսավոր մի այլ արարողություն տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, երբ Գեորգենի իր հայրական տան պատին բացվեց եւ Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ արքեպս. Գիորգի Յակուբինիի (György Jakubinyi) ձեռամբ օծվեց Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (�?tefan Ákoncz-Kövér István) (1740-1824) նվիրված հուշատախտակը: Աբբահայր Ստեփանոս Ակոնցի եւ Մխիթարյան միաբանության մասին ելույթներ ունեցան Թըրգու Մուրեշի (Târgu Mureș) հունգարահայոց միության նախագահ դոկտ. Աթիլա Պուշկաշը (Attila Puskas), դեսպան Համլետ Գասպարյանը, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին/Zoltán Nagy եւ Հունգարիայի խորհրդարանում հայոց ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը (Tamás Turgyán): Այս խորհրդանշական արարողությանը մասնակցում եւ ուղերձով հանդես եկավ հատուկ այդ առիթով Գեորգեն ժամանած Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը (László Kövér:
Հայկական պատվիրակության այցի օրերին համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ Լոռու մարզի եւ Հարգիտա նահանգի միջեւ:
Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին հանդիպումներ ունեցավ նաեւ Հարգիտայի գործարար շրջանակների հետ նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում (Miercurea-Ciuc), Օդորհեյու-Սեկույեսկ (Odorheiu-Secuiesc) քաղաքում եւ Գեորգենում, որին մասնակցում էին հիսունից ավելի տեղական ընկերությունների եւ ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը շրջայց կատարեց նաեւ նահանգի արտադրական ձեռնարկություններ, կրթական հաստատություններ եւ տուրիստական վայրեր:
Տեղական հեռուստատեսությունը եւ մամուլը լայնորեն անդրադարձան հայկական պատվիրակության այցին եւ մշակութային իրադարձություններին: