«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը` առաջին անգամ Եվրոպայում

Սեպտեմբերի 2-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, կազմակերպությամբ Ստոկհոլմի հայ եկեղեցական  վարչության,  շվեդահայությունը առիթ ունեցավ վայելելու աշուղական և հայրենասիրական երգեր` ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան):

Նախ աղոթքով և օրհնության խոսքով հանդես եկավ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Սկանդինավիայի Փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը:

Հանդիսությանը ներկա էին  Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Արտակ Ապիտոնյանը,  Իրաքի և Վրաստանի դեսպանները, հյուպատոս Արշակ Մանուկյանը, օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաներ, շվեդահայ համայնքային բազմաթիվ մշակութային միությունների, կազմակերպությունների ատենապետներ և անդամներ:

Հանդիսությունը վարեց անսամբլի մենակատար Արթուր Մնացականյանը:

Այնուհետեւ հայտագրի ընթացքում հնչեցին Սայաթ Նովայի «Քամանչա»,  «Դու էն հուրին իս», «Առանց Քիզ Ինչ Կոնիմ», «Յարեն Էրված իմ» երգերը: Հետաքրքրական էր հատկապես Թովմաս Պողոսյանի վերականգնված «Անի» երգը և բացառիկ անակնկալը. հայ ժողովրդի՝ իբրև խոնարհում շվեդ ժողովրդին հնչեցրած շվեդական ժողովրդական «Վեմ Քան Սեգլա» երգը ու, իհարկե, համերգի ավարտին հնչած անչափ  ոգևորիչ Աշուղ Միջազի «Քեռի» երգը:
«Սայաթ Նովա» անսամբլը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի և Սփյուռքի տարբեր երկրներում (Ռուսաստան, Իրան, Վրաստան, Սիրիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լիբանան և այլուր):

Շվեդահայությունը հաստատեց, որ այսօրը հիշարժան է ու բացառիկ, որովհետեւ իր տեսակին մեջ եզակի երևույթ է այս համույթի ներկայացումը շվեդահայության հոգևոր և մշակութային կյանքում:

Մոտակա օրերին «Սայաթ -Նովա» համույթը համերգային շրջագայության կմեկնի Ավստրալիա:

Աղբյուրը՝ http://armchurch.info

Scroll Up