«Քույր դպրոցներ» ծրագիրը գործողության մեջ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/DSC_9073.jpg)
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ. 125 դպրոցի նոր ուսումնական տարին սկսվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Քույր դպրոցներ» ծրագրով` Ֆրանսիայի Վալանս քաղաքի Սուրբ Սահակ հայկական եկեղեցուն կից «Դավիթ Դավիթյան» հայկական մեկօրյա դպրոցի հետ համագործակցության հուշագրի կնքումով:
Հուշագիրը ստորագրեցին երևանյան դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը և Սուրբ Սահակ հայկական եկեղեցու հովվապետ, դպրոցի տնօրեն Անդրանիկ ավագ քահանա Մալջյանը:
Սեպտեմբերի 1-ի տոնակատարությանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները:
Առաջին զանգի հետաքրքիր և բովանդակալից հանդիսությանը ելույթ ունեցողները կարևորեցին Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումն ու զարգացումը, շեշտեցին, որ նմանօրինակ համագործակցությամբ լուծվում են հայապահպանության խնդիրները, օտար երկրներում ապրող երեխաների մեջ վառ է պահվում ազգային գիտակցությունը:
Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը: Վերջինս հավելեց, որ հուշագրով ամրագրվող կետերը կարող են նպաստել երկու դպրոցների ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը, արտաուսումնական, հայապահպանական, մանկավարժական փորձի փոխանակմանը, հայոց լեզվի ուսուցման նոր մեթոդների, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, հայաստանցի և ֆրանսահայ աշակերտների միջև շփումների աշխուժացմանը:
Հուշագիրը ստորագրող կողմերի՝ դպրոցների տնօրենների, երևանյան դպրոցի սաների, ուսուցիչների, հյուրերի համար սեպտեմբերի 1-ի տոնը միախառնվեց Հայաստան-Սփյուռք կապի փոքր, սակայն կարևոր՝ հայեցի կրթության և դաստիարակության կամրջի հաստատմամբ:
Արտաուսումնական, հայապահպանական, մանկավաժական փորձի փոխանակման, հայոց լեզվի ուսուցման նոր մեթոդների, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացումը, ֆրանսահայ և Հայաստանի դպրոցականների միջև շփումները կնպաստեն Հայաստանի հետ նրանց կապերի աշխուժացմանը:
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հանդիսությանը մասնակցում էին դպրոցի հետ «Քույր դպրոցներ» ծրագրով համագործակցող Նիդերլանդների Ալմելո քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա-Անժելա Անդրեասյանը, նախարարության աշխատակիցերը:
Սյուզան ՄԻՐԶՈՅԱՆ