Օտար ափերում ապրող յուրաքանչյուր հայ եղել և լինելու է Արցախի կողքին. ռուսաստանաբնակ հայ գործարար

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ ընդունել է բարեգործական հերթական այցով Արցախ ժամանած ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձավ հանրապետության զինված ուժերում իրականացվող գործընթացներին և այդ համատեքստում աշխարհասփյուռ հայության ոնեցած ակտիվ մասնակցությանը, ապա իր երախտիքի խոսքն ասաց բարերարին բանակի և ընդհանրապես արցախահայության հանդեպ պարբերաբար դրսևորվող ուշադիր և նպատակային վերաբերմունքի համար:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նույն օրը հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի և բարերարի մասնակցությամբ բանակի շտաբում տեղի է ունեցել հանդիպում 2016թ. ապրիլյան առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ:
Էդգար Արամյանը նախ մեծարանքի խոսքեր է ասել հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հասցեին, իսկ այնուհետև դիմելով նրանց հարազատներին, հավաստիացրել է , որ ինչպես ինքը, այնպես էլ օտար ափերում ապրող յուրաքանչյուր հայ եղել և լինելու են Արցախի կողքին:
Հանդիպման ավարտին, որպես ասվածի գործնական հաստատում, բարերարի կողմից զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվել է ֆինանսական ու նյութական օժանդակություն, իսկ բարերարը բանակի և արցախահայության հանդեպ դրսևորած ուշադիր և սրտացավ վերաբերմունքի համար արժանացել է Արցախի պաշտպանության նախարարի շնորհակալագրին: