Սկաուտական բանակում Բուլղարիայում

Օգոստոսի 12-20-ը կայացել է ՀՄԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի սկաուտական բանակումը, որին մասնակցել է 5-25 տարեկան 90 սկաուտ Վառնա և Պլովդիվ քաղաքներից: Բանակումին մասնակցել է նաև Վառնայից 87-ամյա եղբայր Օհանը: Վերջինս բանակումին նվիրված նոր երգ էր գրել, որը նա կատարեց Միքայել Գևորգյանի հետ: Սկաուտները բաժանվել են 4 տարիքային խմբի՝ «Գայլիկներ», «Արալեզ», «Աստղիկ», «Վահագն», ինչը առաջին անգամ է կատարվել:
Յուրաքանչյուր օրը հագեցած է եղել սպորտային տարբեր խաղերով, մրցություններով, որոնք նախապատրաստական և կատարողական մեծ հմտություն են պահանջել: Արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է «Արալեզ» խումբը, որի անդամները ոսկե աստղիկներ են ստացել:
Բանակումի ընթացքում տեղի են ունեցել դասախոսություններ՝ նվիրված հայոց պատմությանը (վարել են Սյուզի Գաբրիելյանը և եղբայր Օհանը), շրջակա միջավայրի օգտակար բույսերին, որոնց մասին տեղեկություններ է փոխանցել Մարի Կարապետյանը:
Բանակումի ընթացքում սկաուտներն ունեցել են նաև բազմաթիվ հյուրեր: Նրանց այցելել են Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Իսահակ Պողոսյանը, Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Հրաչ Մուրադյանը, Վառնայի հոգևոր հովիվ Հրաչյա Գյոզալյանը, Բուրգասի հոգևոր հովիվ Տեր-Պողոս Միքայելյանը, Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, Վառնայի եկեղեցական վարչության նախագահ Մասիս Բաղդասարյանը: Նրանց այցը շատ է ոգևորել սկաուտներին:
Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել բանակումի փակման արարողությունը, որին ներկա են եղել Հայաստանի պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, Վառնայի եկեղեցական վարչության ներկայացուցիչներ, հյուրեր:
Բանակումի անդամները գեղեցիկ մշակութային ձեռնարկ են ներկայացրել: Հանդիսությունը ավարտվել է խարույկի շուրջը: Բոլորը միասին կատարել են երկու երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի և ՀՄԸՄ-ի օրհներգերը:
«Մասնակիցների ոգևորությունը շատ մեծ էր, սկաուտները, կազմակերպիչները շատ մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի օրերն անմոռանալի դառնան: Բանակումի մասնակիցների կողքին էր նաև Վառնայից Փիլիանե Գազանջյանը, որը սկաուտներին օգնել է ճաշ պատրաստել: Վերջինիս համար սկաուտները շատ գեղեցիկ անակնկալ էին պատրաստել, որը անչափ հուզեց Փիլանեին,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական Աղավնի Գևորգյանը և հավելեց,-Բանակումի հոգին ու սիրտը պլովդիվահայ Սրբուհի Գաբրիելյանն էր, որը հայապահպանության նվիրյալներից է: Աջակցել են նաև Պլովդիվից՝ Սարգսյանների, Կարապետյանների, Ջամջյանների և Քեշիշյանների ընտանիքները, Վառնայից՝ Մանուկ Բեյլերյանը, Բեյլերյան եղբայրները, Վարժապետյան ընտանիքը, ինչպես նաև Հայաստանի պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, որը պատարստակամություն հայտնեց միշտ աջակցել բանակումին: Իհարկե մեծ էր նաև «Արի տուն» ծրագրի նախկին տարվա մասնակիցներ՝ Ալիս Թերլեմեզյանի, Միքայելա Ջամջյանի, Միքայել Գևորգյանի կատարած աշխատանքը»: