Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Օրակարգում ընդգրկված թեմաների բովանդակությունն ինձ հույս է ներշնչում. Սերխիո Նահապետյան

«Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առաջնահերթությունները բազմաթիվ են, որոնք վերաբերում են Հայաստանի հզորացմանն ու Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությանն ու փոխլրացմանը: Իմ կարծիքով Հայաստանի հզորացումը լավագույնս կարող է արդյունավորվել Սփյուռքում հայապահպանությանն ուղղված մեր ճիգերով: Երիտասարդ սերնդի համար արդիականացող և արագ քայլերով առաջ ընթացող Հայրենիքն ազգային ներշնչումի աղբյուր է: Այս տեսլականով էլ կուզեի, որ համաժողովը գործնական քայլերով Հայաստանի քաղաքական, տնտեսական և հասարակական ասպարեզներում Սփյուռքի մասնակցության հստակեցման ուղղությամբ ռազմավարություն սահմանի»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանը՝ հավելելով, որ  համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների բովանդակությունն իրեն հույս է ներշնչում այն առումով, որ պետք է լուրջ քննարկումների ականատես և մասնակից դառնա:

Սերխիո Նահապետյանը նշեց նաև, որ Հայաստանում առկա տարածաշրջանային մարտահրավերները և Սփյուռքում հայապահպանության հարցերը կարևոր են: Ակնկալում է, որ համաժողովին Հայաստանի և Սփյուռքի կառույցների մասնակցությամբ նրանց գործունեության համար հստակ ուղեգիծ և ճանապարհ կուրվագծվի:

Scroll Up