Հայկական մեծ տոնախմբություն Բուխարեստում

Հուլիսի 28-30-ը Բուխարեստի Հայկական փողոցում (Strada Armeneasca) կայացավ Ստրադա Արմենեասկա ավանդական փառատոնի (Festivalul Strada Armeneasca) 4-րդ թողարկումը: Այն կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը եւ Հայ երիտասարդաց կազմակերպությունը (Armenian Youth Organization – AYO)՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի, Ռումինիայի կառավարության միջէթնիկ հարաբերությունների վարչության, Բուխարեստի քաղաքապետարանի եւ բազմաթիվ այլ հովանավորների ու գործընկերների աջակցությամբ: Փառատոնը փոխնիփոխ վարում էին ռումինահայ հայտնի քաղաքական գործիչներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ գրող Վարուժան Ոսկանյանը եւ Վարուժան Փամբուկչյանը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանատնից, երեք օր շարունակ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեսկում (Cartierul Armenesc) թեւածում էր հայկական շունչն ու ոգին, ներկայացվում էին հայկական մշակույթն ու ավանդույթները, հնչում էին հայկական խրոխտ երգն ու հոգեթով պարը: Փառատոնին էին հրավիրվել նաեւ ավանդական դրկից մասնակիցներ` հունական, հրեական եւ գնչուական վոկալ եւ գործիքային խմբեր:
Փառատոնին վարպետ կատարումներով հանդես եկան ռումինահայ անվանի երգչուհի Կորինա Կիրիակը (Corina Chiriac), ով պատմեց իր հայկական արմատների եւ ցեղասպանության մասին, Միկո եւ խումբ (Mico&Crew) անսամբլը, Բասկա (Basska) ռոք-խումբը, Նիկու Ալիֆանտիս (Nicu Alifantis & Fragile Band) խումբը, հրեական Կլեզմեր (Klezmer Band) եւ Վայնբերգեր (AG Weiberger) խմբերը, գնչուական (Mahala Rai) եւ հունական Կիմատա (Kymata) անսամբլները: Որոտընդոստ ծափողջուններով ընդունվեցին Գեռլայի Հայաքաղաք եւ Բուխարեստի Վարդավառ պարախմբերի (ղեկավարներ Էրիկա Էստեգար եւ Բելլա Մարտիկյան) ելույթները:
Փառատոնին առանձնահատուկ փայլ հաղորդեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ Հայաստանից հատկապես հրավիրված «Կարին» ժողովրդական պարախմբի ելույթները, որոնք ընդունվեցին ջերմագին խանդավառությամբ:
Անկրկնելի կատարումներով հանդես եկավ էթնոջազի ռումինահայ հանրաճանաչ վարպետ Հարրի Դավիդյանը (Harri Tavitian) հայտնի թմբկահար Չերեյ Չաբայի (Cserey Csaba) ուղեկցությամբ:
Բուխարեստի երիտասարդական Ռամպա (Rampa) թատերախումբը հանդես Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հիման վրա Արմինե Ոսկանյանի «Տեղդմնացիրյան» (Staipelochian) ներկայացմամբ:
Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը փողոցի ամբողջ երկայնքով փռել էր հազարավոր գրքեր` Հայկական փողոցը վերածելով գրքերի փողոցի: Թողարկվել էր նաեւ փառատոնի եւ Ռումինիայում հայերի ներկայության պատմությունը վերհանող հատուկ ազդաթերթ` հնատիպ լուսանկարներով:
Փառատոնն ընդգրկել էր Հայկական փողոցին հարակից Բուխարեստի հայկական համալիրի ամբողջ տարածքը` Հայկական եկեղեցին եւ Առաջնորդարանը, Դուդյան թանգարանը եւ գրադարանը, Հայկական մշակութային կենտրոնը, որտեղ ազատ մուտք էր ապահովված փառատոնի մասնակիցների ու այցելուների համար: Այստեղ նաեւ գործում էր հայտնի լուսանկարիչ Հրայր Խաչերյանի Հայաստանն ու հայաշխարհը պատկերող լուսանկարչական անզուգական աշխատանքների ցուցահանդեսը:
Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց Սբ. պատարագ, որին հաջորդեց Վարդավառի ծես:
Հայկական փողոցի երկայնքով շարված կրպակներում ներկայացված էին հայկական ձեռագործ զարդեր, խեցեղեն, գորգեր եւ գործվածքներ, սրբապատկերներ եւ նկարազարդումներ: Բացօթյա հայկական ճաշատանը հազարավոր այցելուներ համտեսեցին հայկական խորտիկներ եւ ավազի վրա պատրաստված ավանդական սուրճ: Առաջնորդարանի բակի մանկական անկյունում երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր եւ աշխատանքներ:
Փառատոնին մասնակցելու էին եկել Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ Ռումինիայի հայաշատ քաղաքներ Գեռլայից, Կլուժ-Նապոկայից, Ռոմանից, Բակաուից, Թըրգու-Օկնայից, Բայա-Մարեից, Յաշիից, Բոտոշանից եւ այլ վայրերից:
Ստրադա Արմենեասկա փառատոնին մասնակցեցին տասնյակ հազարավոր այցելուներ, այն լայն արձագանք գտավ ռումինական ԶԼՄ-ներում, ներառյալ «Աջերպրես» գործակալության հատուկ թողարկումը: