Նորաստեղծ «Նոեվ Կովչեգ» համայնքն ակտիվացնում է Հայաստանի հետ կապերը

Դոնի Ռոստովի մարզի Վոլգադոնսկի «Նոեվ Կովչեգ» հայկական ազգամշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Սասուն Սարգսյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքը ստեղծվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից ոգեկոչման միջոցառումներն ավելի համակարգված կազմակերպելու համար:

Քաղաքի կենտրոնական հրապարակում սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բողոքի խաղաղ երթ են կազմակերպել, որին շուրջ 2000 հայ է մասնակցել, ապա նրանց են միացել քաղաքային իշխանությունների, Ռոստովում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Ապիլի 24-ին նաև միջոցառում են կազմակերպում, ռոստովաբնակ հայ երիտասարդների հոգում Հայ դատի արդարացի լուծման պահանջը արթուն պահելու համար՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր ցուցադրում: Օրն ամփոփվում է Դոն գետում ծաղկեպսակի բաց թողումով:

«Նորաստեղծ համայնքը փորձում է ակտիվացնել իր գործունեությունը, Հայաստանի հետ մշտական կապի մեջ գտնվել՝ հայապահպան տարբեր ծրագրեր իրականացնելով: Համայնքի առաջնահերթություններից է հայկական դպրոցի և եկեղեցու ստեղծումը, որի ուղղությամբ գործուն աշխատանքներ ենք տանում: Օրերս դպրոց հիմնադրելու հարցը քննարկել ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, շատ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար, փորձելու ենք հետայսու ավելի սերտ համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ, իսկ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ քննարկել ենք եկեղեցու շինարարությանն առնչվող հարցեր»,-ասաց Սասուն Սարգսյանը՝ հավելելով, որ դպրոցի և եկեղեցու առկայությունը կնպաստի համայնքի համախմբմանը:

Հավելենք նաև, որ համայնքում գործում է չորս աղջիկներից կազմված «Նոեվ Կովչեգ» պարախումբը:

Գևորգ Չիչյան

Scroll Up