«Ինձ համար ազգային և մարդկային պարտականություն է դպրոցի դռները բաց պահել» Անդրանիկ Պողոսյան

Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմպերջյան երկրորդական վարժարանի տնօրեն, Սիրիայի գավառական ժողովի անդամ Անդրանիկ Պողոսյանին և Կրթասիրաց մշակութային միության և վարժարանի հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսան Կարադանայանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ արժևորելով Սիրիայում հայ համայնքի պահպանությանն ուղղված նրա ազգանպաստ գործունեությունը: Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով, դպրոցի աշակերտների թվով, առկա խնդիրներով ու դժվարություններով: Նա մասնավորապես նշեց. «Սիրիայում հայ դպրոցը պահելով՝ իսկապես հերոսություն եք անում: Համայնքը պահելը, սերունդ կրթելը շատ կարևոր է: Հպարտ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ ապրում են Հայրենիքը, ազգը սիրելով ու նրանց ծառայելով»:

Անդրանիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց վերջերս իրեն փոխանցված՝ ՀՀ Նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալի համար և հավելեց. «Շնորհակալական խոսքերից ավելի ուզում եմ հավաստել, որ այդ պարգևը խթան պիտի դառնա, որ ավելի ակտիվ աշխատանք տանենք: Կրկին ուզում եմ շեշտել, որ պետք է վերադառնամ Հալեպ՝ իմ առաքելությունը շարունակելու: Ինձ համար և ազգային, և մարդկային պարտականություն է դպրոցի դռները բաց պահել»:

Scroll Up