4000 ԱՄՆ դոլար Արցախի երաժշտական դպրոցների համար
Նյու Յորքի «Յամահա դաշնամուրային սալոնում» հունիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքներ գնելու նպատակով:
Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀԲԸՄ-ի լրատվական գրասենյակը:
ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժանմունքի կազմակերպած համերգին իրենց մասնակցությունն են բերել մեցոսոպրանո Սոլանժ Մերտինյանը, ջութակահար Սեմի Մերտինյանը եւ կատարողական արվեստի բաժանմունքի տնօրեն, դաշնակահար Հայկ Արսենյանը: Ծրագրում բացի հայկական ստեղծագործություններից հնչել են նաեւ արգենտինյան եւ աֆրո-կուբայական մեղեդիներ ու պարեղանակներ:
Համերգը մաս է կազմել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած բարեգործական միջոցառումների շարքին, որը մայիսին մեկնարկել է Բուենոս Այրեսում տեղի ՀԲԸՄ-ի փոխնախագահ Անտոնիո Սարաֆյանի եւ գեղարվեստական ղեկավար, դուդուկահար Գագիկ Գասպարյանի ջանքերով: Համերգներ տեղի են ունեցել արդեն Արգենտինայի 3 քաղաքներում, որոնցից ստացված հասույթով դաշնամուրներ են գնվել երաժշտական 3 դպրոցների համար:
Նախատեսված են համերգներ Սան Պաուլուում հուլիսի 27-ին եւ Երեւանում հառաջիկա սեպտեմբերի 22-ին, ընկերակցությամբ ազգային ժողգործիքների եւ պարի պետական համույթների: Երեւանում համերգային շաբաթի (սեպտ. 18-23) ընթացքում տեղի է ունենալու նաեւ արվեստի գործերի ցուցահանդես Երեւանի քաղաքապետարանում:
Համերգաշարքի նպատակն է Արցախի երաժշտական դպրոցների համար գնել ավելի քան 250 երաժշտական գործիքներ:
«Այս ծրագրին մասնակցելը անձամբ ինձ համար մեծ նշանակություն ունի: Նման համերգները հիշեցնում են մեզ, թե ինչքան բախտավոր պետք է զգանք, որ կարողանում ենք մեր երաժշտությունն ու ջանքերը օգտագործել ավելի լավ դարձնելու համար մեր հասարակությունը, մեր աշխարհը: Համերգները նաեւ որոշակի երախտագիտական արտահայտություններ են ուղղված բոլոր նրանց, ովքեր այսքան ժամանակ վառ են պահել մեր մշակույթը, մեր ինքնությունը», նշել է այս առթիվ Սեմի Մերտինյանը: