«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր

Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց-2017 ծրագրի «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» և «Լրագրողների վերապատրաստում» դասընթացների մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Նախագահի նստավայրում: Ծրագրի մասնակիցներին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Հովհաննես Նիկողոսյանը:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Այնուհետև Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ կառավարման նոր մոդելին:

Հանդիպման վերջում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը պատասխանեց սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Այնուհետև «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, որի ընթացքում հետաքրքիր տեղեկություններ ստացան Նախագահի նստավայրի մասին:

Այցի ավարտին մասնակիցները՝ որպես նվեր, ստացան շրջայցի լուսանկարներով և հայկական դրոշի գույներով կրիչներ:

Scroll Up