«Պոլիս և անդին». Լևոն Լաճիկյանի գծանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը Նյու Յորքում

«Պոլիս և անդին». այսպես էր կոչվում վերջերս Նյու Յորքում կազմակերպված Լևոն Լաճիկյանի գծանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը 15-րդն է նրա ստեղծագործական կենսագրության մեջ: Հայտնի գեղագետ-գծանկարիչն իր ուշադրությունը վերջին տարիներին կենտրոնացրել է Բոսֆորի ափին փռված այդ պատմական քաղաքի անցյալի ու ներկայի վրա: Վկայությունը դեպի Կ.Պոլիս-Ստամբուլ կատարած նրա 3 այցերն են, որոնց նպատակը ոչ միայն «Պոլսո թաղերուն մեջ» պտույտն գործելն է եղել, այլ նաև դրա անանց հմայքը մեզ փոխանցելը:
«Պոլիսը նախ գրավիչ է իր բնական գեղեցկությամբ՝ Բոսֆորի նեղուց, Իշխանաց կղզիներ և այլն,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմում է Լևոն Լաճիկյանը, ապա ավելացնում,- Այն ձգում է նաև իր բազմամշակույթ միջավայրով ու տարբեր քաղաքակրթությունների՝ ներառյալ հայկական, գոյությամբ»: Իրոք, Լևոնի պատկերաշարում մեր առջև մեծապես հայ Պոլիսն է կամ, ինչպես տեղացի հայերն են ասում՝ «մերին Պոլիսը»:

«Չպետք է մոռանալ, որ պոլսահայությունը 100 և ավելի տարիներ ապրել ու ապրում է 1915-ի դառը հիշողությամբ և դրան հաջորդած քաղաքական ու տնտեսական ահաբեկումներով,- շարունակում է մեր զրուցակիցը,- Ու չնայած այդ ամենին, Պոլսում այսօր շարունակում է ապրել աշխույժ հայ համայնք, որի կենսունակության ցուցիչներից լավագույնը թերևս այնտեղ հրատարակվող հայ մամուլն է՝ «Ժամանակ», «Մարմարա», «Ակօս», «Լոյս» թերթեր և «Փարոս» մշակութային ամսագիր»:

Վերջինս էր, որ 2015թ. հենց Պոլսում՝ հայաշունչ Գնալը կղզում, կազմակերպեց հայրենի արվեստագետի «Պոլիսը՝ մոտ ու հեռու» ցուցահանդեսը, այդ մասին մասնավորապես գրելով. «Լևոն Լաճիկյանի Պոլիսն այլ գեղեցկություն ունի»: Մեջբերենք նաև «Ակօս»-ի հայկական ներդիրի պատասխանատու Բագրատ Էսդուգյանի կարծիքը. «Լևոն Լաճիկյանի գործերը դիտելով՝ նկատել ենք, որ նա մեր օրերում ապրելով՝ իրավամբ կարողանում է թափանցել նաև անցյալ: Պատմական հին կառույցներին նայելով՝ նա կարողանում է տեսնել վերջիններիս մեկ, անգամ մի քանի դարերի պատմություն ունեցող անցյալը, որը և արտացոլում է իր աշխատանքներում»:

Այս անգամ արվեստագետը Նյու Յորք էր մեկնել տեղի պոլսահայ շրջանակների հրավերով: Սբ. Աստվածածին Հայաստանյայց եկեղեցու «Թուֆայան» սրահում բացված ցուցահանդեսը ուղեկցվել է հետաքրքիր դասախոսությամբ՝ «Պոլսո դերը հայ մշակույթի պատմության մեջ» թեմայով: Բանախոսը ներկայացրել է հայտնի-անհայտ փաստեր ոչ միայն Պոլսի անցյալից, այլև ներկայից՝ մասնավորապես նշելով, որ երկարատև ընդմիջումից հետո հայ սփյուռքում նկատելի է Պոլսի գրամշակութային առաջատար դերի վերադարձ ու վերահաստատում:

Ըստ բանախոսի, ինքը մեծ տեղ է հատկացրել պոլսահայ համայնքի դիմագրաված մարտահրավերներին, որոնցից գլխավորը հայախոսության մակարդակի շեշտակի անկումն է: Բանն այն է, որ կատարված ուսումնասիրությունների համաձայն, այսօր տեղի երիտասարդ հայ սերնդի միայն 9%-ն է խոսում մայրենի լեզվով: Ավելին՝ բանախոսի տվյալներով տարեցտարի պակասում է ոչ միայն Պոլսո վարժարաններում սովորողների, այլև ուսուցիչների թիվը: Այս առումով նա ունկնդիրներին մանրամասն ներկայացրել է Թրքահայ ուսուցչաց միության 50-ամյա արդյունավետ գործունեությունը:

Ներկաների հարցումներն ու քննարկումները շարունակվել են 40-ից ավելի գծանկարների առջև, որոնց վաճառքից գոյացած հասույթի մի մասը՝ 1300 ԱՄՆ դոլար, փոխանցվել է Գյումրիի կարիքավոր ընտանիքներին: Օգտվելով առիթից՝ Հայաստանից ժամանած արվեստագետը նաև ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալն է փոխանցել Պոլսահայ օգնության միության (CARS) պատասխանատուներին:

Լևոն Լաճիկյանի ամերիկյան այցի վերջին կանգառը եղել է Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել նրա գծանկարների շնորհանդեսը: Ձեռնարկի ժամանակ հեղինակը  տեղի հայ համայնքին է նվիրել եկեղեցին պատկերող նկարը, որով էլ մեկնարկել է Սրբոց Նահատակացի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսությունների շարքը:

Scroll Up