Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում մեկնարկել է ֆիլմերի հատուկ աշխատարան
Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է ֆիլմերի հատուկ աշխատարան, որը վարում է արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Երեք շաբաթվա ընթացքում կինոռեժիսորը ուսանողների հետ նկարահանելու է երեք ֆիլմ: Առաջին շաբաթվա ընթացքում ուսանողները ծանոթացել են կինոյի և մոնտաժի հիմունքներին, ընտրել ֆիլմի հերոսներին, կազմել սցենարական պլան: Երկրորդ շաբաթվանից սկսվել են ֆիլմերի հիմնական նկարահանումները:
«Երեխաները նկարահանմանն իմ պատկերացրածից ավելի լավ էին պատրաստվել: Ես սպասում էի դասընթացի լավ ընթանալուն, բայց սպասելիքներս ավելին էին. թե՛ այն թիմը, որ կատարում է հիմնական նկարահանումները, և թե՛, ընդհանրապես, ողջ դասընթացի մասնակիցները տիրապետում են իրենց աշխատանքին»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ ավելացրեց Ջիվան Ավետիսյանը՝ նշելով հատկապես օպերատորական թիմի արագ տեմպերով աշխատելը:
Ընդգծենք նաև, որ առաջին ֆիլմի հերոսը Ստեփանակերտում գործող «Նռենի» խանութի հիմնադիր Արմոնդ Թահմազյանն է: Նա Արցախ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Իր խոսքում վերջինս նշել է, որ ինքը պարտական է իր ընտանեկան դաստիարակությանը. նրանք իր մեջ սեր են առաջացրել դեպի հայրենիքը, հատկապես հայրենիքում ապրելու և այն շենացնելու գաղափարը: Արմոնդը կարծում է, որ Արցախում գործելու լայն ասպարեզ կա:
Անդրադառնալով ֆիլմի նկարահանումներին՝ Արմոնդը նաև ասել է, որ ինքը թերահավատորեն չի մոտենում երեխաների աշխատանքին, քանի որ համոզված է, որ նոր սերունդը բավականին զարգացած է: «Ուրախ եմ թիմի հետ համագործակցելու համար: Ջիվանը բավականին արհեստավարժ լավ աշխատող է: Ես էլ ոգևորվում եմ նրանց աշխատանքից»,- եզրափակել է իր խոսքը ֆիլմի հերոսը:
«Թումո» կենտրոնի ուսանողներն այս շաբաթ շարունակելու են մյուս ֆիլմերի նկարահանումները: Իսկ արդեն հաջորդ շաբաթից անցնելու են մոնտաժային աշխատանքներին: Արդյունքները ցուցադրվելու են աշխատարանի վերջում կայանալիք պրեզենտացիայի ժամանակ: