Արձակուրդների հետքերով.Հրանուշ Հակոբյանը ոչինչ չի փոխի ընտանիքով անցկացրած հանգստի հետ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանկության տարիներին անցկացրած ամառային արձակուրդները համարում է անմոռանալի։
«Դպրոցական տարիներին իմ արձակուրդները սովորաբար անցկացրել եմ պիոներական ճամբարներում: Եղել եմ հանրահայտ «Արտեկ» համամիութենական ճամբարում, ինչպես նաև հանգստացել եմ ծնողներիս հետ Խորհրդային միության տարբեր ծովափնյա հանգստյան տներում, ավելի հաճախ հանգստացել ենք Գագրա քաղաքի «Արմենիա» հանգստյան տանը: Անմոռանալի են մանկության հիշողությունները, ինձ համար երջանկության ու ներդաշնակության բացառիկ պահեր էին իմ հայրենի գյուղի անաղարտ բնության մեջ՝ Գռիձորում անցկացրած պահերը», – Aysor.am-ի հետ զրույցում վերհիշելով դպրոցական ամառային արձակուրդները՝ ասում է Հրանուշ Հակոբյանը։
Նա նշում է, որ կազմակերպչական ջիղն իր մեջ ուժեղ է եղել. կազմակերպել է տարբեր խաղեր ու մրցույթներ։
«Մանկուց ես առանձնանում էի իմ կազմակերպչական ունակություններով: Կազմակերպում էի բակային ճամբարներ, ասմունքի մրցույթներ, սպորտային խաղեր ու ամենատարբեր բակային մրցույթներ: Իմ սերնդակիցներից յուրաքանչյուրը կարոտով կհիշի այդ հրաշալի հանգստի մշակույթը, ակտիվ, կենսախինդ, հետաքրքիր մթնոլորտը, որի մեջ մենք հասակ էինք առնում, կրթվում ու դաստիարակվում», – նշում է Հ. Հակոբյանը։
Ուսանողական տարիներին Հրանուշ Հակոբյանի ամառային արձակուրդներն էլ ավելի ակտիվ են եղել. ամառն անցկացրել է Գերմանիայում ու Ռուսաստանում, բայց առանց ծնողների հանգիստը նրա համար հանգիստ չի եղել։
«Ուսանողական տարիներին ևս արձակուրդները չափազանց հետաքրքիր էին անցնում: Երիտասարդական խինդով ու ավյունով լի հիշողություններ՝ կապված մեր շինջոկատային կյանքի հետ, որ անցկացրել եմ Գերմանիայի Հալլե և Ռուսաստանի Գագարին քաղաքներում, որտեղ ղեկավարում էի ինտերնացիոնալ ջոկատները: Սակայն ոչինչ չէր փոխարինում ընտանիքի հետ անցկացվող հանգստին: Ծնողներիս հետ այդ տարիներին հանգստանում էի Ջերմուկում, Դիլիջանում, Քյավառում, տարբեր մերձմոսկովյան, ծովափնյա քաղաքներում, Կիսլովոդսկում», – պատմում է Հ. Հակոբյանը։
Արդեն որպես պաշտոնյա՝ Հրանուշ Հակոբյանի արձակուրդներում ոչ մի ճոխություն, կարծես, չի ավելացել, նույն հանգիստը, նույն մարդկանց հետ՝ գրեթե նույն վայրերում։
«Մինչ անկախացումը և անկախացումից հետո՝ արձակուրդներս դարձյալ անցկացրել եմ ծնողներիս հետ՝ Հայաստանի հանգստյան տներում՝ Ջերմուկում, Դիլիջանում, Քյավառում, ինչպես նաև Չեխիայի և Լեհաստանի՝ Ջերմուկի առողջարաններին համարժեք հանգստյան տներում», – ասում է Հրանուշ Հակոբյանը։