Հայաստանի ու Ղարաբաղի կանայք 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել
Դանիացի, հայ, ռուս ու բրիտանացի գիտնականներից կազմված խումբը պարզել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն փոխվել:
Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում:
«Սա բավականին հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխությունների է ենթարկվել: Սակայն դրանք, կարծես, կապված չեն գենետիկ փոխակերպման հետ, համենայնդեպս՝ կանանց դեպքում», -panarmenian.net-ի փոխանցմամբ՝ գրում են հոդվածի համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորթեն Ալենֆերթը Cell Press ամսագրում (մեջբերումն՝ ըստ Eurekalert-ի):
Գիտնականները վերլուծել են 52 կմախքի միթոխոնդրալ գենոմները, որոնցից ամենահները 7800 տարեկան են, ու համեմատել են դրանք 206 հայաստանցիների և ԼՂՀ բնակիչների գենոմի հետ:
Նմանատիպ հետազոտություն կանցկացվի նաև Վրաստանում ու Ադրբեջանի արևելքում: