«Ինձ համար այսօր պատմական օր է, կյանքիս ամենաերջանիկ օրը, որովհետև Հայրենիքիս լիարժեք քաղաքացին պետք է դառնամ». Հրաչ Վարդանյան

ՀՀ սփյուռքի նախարարության հյուրընկալ դռները միշտ բաց են աշխարհի տարբեր ծագերից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների առջև: Սփյուռքի նախարարությունը նրանց համար տուն է՝ տան մեջ, և այդ տունը ջերմությամբ է ընդունում հայրենաբաղձ հայերին: Այս օրերին նախարարությունում հյուրընկալված քաթարաբնակ ճարտարագետ Հրաչ Վարդանյանի հետ հարցազրույց ծավալվեց «Հայերն այսօր»–ի համար, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Պարո՛ն Վարդանյան, բարո՛վ եք եկել Հայրենիք: Գիտեմ, որ լիբանանահայ եք. ինչպե՞ս եք հայտնվել Քաթարում:

-Ծնվել եմ Լիբանանում. հայրս Արևմտյան Հայաստանի Յոզգաթ քաղաքից է, մայրս Կուտինայից է՝ Կոմիտասի ծննդավայրից: Ապրել եմ Լիբանանում, վերջին 12-13 տարիներին ապրում եմ Քաթարում: Մասնագիտությամբ էլեկտրաճարտարագետ եմ և ներկայումս Քաթարում իմ մասնագիտությամբ եմ աշխատում: Մասնագիտությանս բուն էությունը մեծ շինությունների, ընկերությունների, օդանավակայանների, հիվանդանոցների, զորակայանների և այլ կառույցների էլեկտրական համակարգերի աշխատանքների ուսումնասիրությունն է: Մեր աշխատակիցները ստուգում են՝ արդյո՞ք արված աշխատանքն ըստ նախագծի է ընթանում և զեկուցում են տվյալների մասին:

-Ի՛նչ տվեց Ձեզ այդ երկիրը:

 -Քաթար գնացի՝ լավ վաստակելու համար: Այդ երկիրը աշխատելու և լավ վաստակելու, դրամ շինելու երկիր է, ուրիշ կարևոր բան չկա այնտեղ: Հայությունն ամենուր աշխատասիրությամբ է աչքի ընկնում. այնտեղ էլ հայերն աշխատում են ու արարում: Ազգային տոների ժամանակ, Ապրիլի 24-ին հայրենակիցներով հավաքվում ենք, զրուցում, շփվում:

-Որտե՞ղ եք բարձրագույն կրթություն ստացել. ի սկզբանե հենց Ձեր մասնագիտությա՞մբ  եք աշխատել:

-Բարձրագույն կրթությունս Լոնդոնում եմ ստացել: Աշխատել եմ Բի-Բի-Սի ռադիոկայանում, աշխատել եմ նաև ԴԵԿԱ անգլիական ընկերությունում, որը օդանավակայանների, ինքնաթիռների ռադարներ է պատրաստում, այնուհետև տեղափոխվել եմ Լիբանան, ուր հիմնադրել եմ հայկական Radio Melody ռադիոկայանը, որը վաճառեցի, որովհետև ես ուրիշ նպատակներ ունեի՝ գալ Հայաստան, դառնալ Հայաստանի քաղաքացի, հետագայում հաստատվել Հայրենիքում:

-Պարո՛ն Վարդանյան, կարո՞ղ եմ արդեն շնորհավորել:

-Այո՛: Հենց այսօր ես պետք է ՀՀ քաղաքացիության երդումս տամ: Ինձ համար այսօր պատմական օր է, կյանքիս ամենաերջանիկ օրը, որովհետև Հայրենիքիս լիարժեք քաղաքացին պետք է դառնամ, անձնագիր պետք է ստանամ: Կինս ու աղջիկս արդեն ՀՀ քաղաքացիներ են: Երբ հաստատվեմ Հայաստանում, Հայրենիքիս շատ տալիքներ պիտի ունենամ:

-Առաջին  անգա՞մ եք Հայաստանում…

-Ո՛չ. մեկուկես տարի առաջ մասնակցել եմ ՀՀ սփյուռքի և քաղաքաշինության նախարարությունների, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության կազմակերպած համահայկական համաժողովին: Այս տարի սեպտեմբերին դարձյալ պետք է գամ և մասնակցեմ Արցախում կազմակերպվելիք համաժողովին:

 – Պարո՛ն Վարդանյան, շնորհավորում եմ Ձեզ ՀՀ քաղաքացիության անձնագիր ստանալու առիթով. հուսով եմ, որ այսուհետ Ձեր այցելությունները Հայաստան ավելի հաճախակի կլինեն:

– Այսուհետ այցելություններ չպետք է լինեն, որովհետև ես պետք է հաստատվե՛մ Հայասատանում: Շատ ուրախ եմ Հայաստանի այս վերջին տարիների հաջողությունների համար. իմ Հայրենիքը տեսա շատ գեղեցիկ, օրիորդներին ու տիկիններին, տղաներին ու այրերին շատ վայելուչ ու բարեկիրթ տեսա: Միայն մեծ ցանկություն ունեմ, որպեսզի Հայաստանում ավելի շատ զբոսաշրջիկներ տեսնեմ. կարևոր է, որ Հայաստանում զարգանա զբոսաշրջությունը, որովհետև Հայաստանն ադամանդի պես մի շքեղ ու անսահման, յուրօրինակ գեղեցկություն ունի, որը պետք է տեսնեն նաև օտարները, ճանաչեն Հայաստանն ու պատմեն իրենց երկրներում, թե կա աշխարհում մի այսպիսի դրախտավայր:

 Հրաժեշտ տալով Հրաչ Վարդանյանին՝ կրկին ու կրկին համոզվում եմ, որ եթե աշխարհում կա հայի այս տեսակը, ապա նման հայրենասերների հավաքական ուժերի շնորհիվ Հայաստանը դեռ շատ կհզորանա :

 Կարինե Ավագյան

Scroll Up