Ֆրանսահայ օպերային երգիչն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ օպերային երգիչ, Փարիզի Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայի դասախոս Ադամ Բարրոյին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ֆրանսահայ մշակութային գործչի ակտիվ, ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող՝ «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին և «Նաիրի» համահայկական փառատոնին:

Ադամ Բարրոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց իր առաջիկա ծրագրերի մասին: Նշեց, որ ելույթի հրավեր ունի Պալերմոյի օպերային թատրոնից: Միաժամանակ մեծ համերգ է կազմակերպելու, որտեղ հնչելու են Կոմիտասի, Դեբյուսիի, Ֆորեի, Ռավելի, Սեն-Սանսի ստեղծագործությունները՝ միավորելով մեկ բեմում հայկական և եվրոպական երաժշտությունը: Ֆրանսիացի կոմպոզիտորների ընտրությունը պատահական չի արվել, վերջիններիս ստեղծագործությունները զուգահեռներ ունեն Կոմիտասի երաժշտության հետ: Ամռանը Ադամ Բարրոն Ֆրանսիայի հարավում նաև վարպետության դասեր կանցկացնի:

Մեկ այլ՝  «Արցա՛խ, հայկական հող» նախագծով, ֆրանսահայ երգիչը նպատակ ունի Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում ներկայացնել Արցախը:

Երգիչը պատրաստակամություն հայտնեց նաև մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: «Սեպտեմբերին նպատակ ունեմ հանդես գալ «Ադամ Բարրոն և ընկերները» խորագրով մենահամերգով: Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս»,-նշեց նա և հավելեց, որ այդ ընթացքում Երևանում կկազմակերպվի նաև «Ավե Մարիա» ձայնասկավառակի շնորհանդեսը:

 

Scroll Up