Ստամբուլում լույս է տեսել «Համշենյան պատմություններ» ժողովածուն

Թուրքիայում լույս է տեսել «Համշենյան պատմություններ»/«Համշեցնակ հեքիաներ» ժողովածուն, որը հրատարակվել է արևմտահայերեն, թուրքերեն, ինչպես նաև Համշենի հայկական բարբառով։
Գրքի հեղինակ, համշենահայ մտավորական Մահիր Օզքանը ժողովածուում վերամշակել ու ներկայացրել է Համշենին ու համշենահայերին վերաբերող 24 ժողովրդական պատմություն, գրում է tert.am-ը։
Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից լույս ընծայված գրքում հնարավոր է նաև տեսնել և ուսումնասիրել գրական հայերենի և համշենական բարբառի տարբերություններն ու Համշենի հայկական բարբառի այլ առանձնահատկություններ։
Ի դեպ, պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն: «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի – tert.am): Իսկ կրոնական և ազգային հալածանքների հետևանքով բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն հայերեն են խոսում մինչ օրս:

Scroll Up