Մոռացված անուններ. քարագործ վարպետ Վանիկ Մակարյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/խաչքար2.jpg)
Հայ մարդը միշտ արարել է, կերտել, շենացրել է իրեն ճակատագրով բաժին հասած քարեղեն երկիրը, ուր հացն անգամ քարից են քամում: Դժվարություն ստեղծող քարը հաճախ է դարձել վանք ու կոթող, ամրոց ու բերդ: Շատ են մեր քարերը, այնքան շատ, որ թվում է՝ ամեն ինչ քարից է: Հաճախ այդ քարերը ձև են ստանում, հղկվում շինարար վարպետի մուրճի հարվածների ներքո՝ դառնալով աղոթք ու ոգեղեն երգ, ստեղծելով քարերի մի յուրօրինակ սիմֆոնիա: Քարից են կերտվել բազում ճարտարապետական կոթողներ, վանական համալիրներ, հուշարձաններ: Եկեղեցաշինությունը՝վանական համալիրներով, իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական ճարտարապետությունում: Դիտողը հիանում է ճարտարապետի մտքի թռիչքով, բնության պարգևած քարով և օրհնում պատվիրատուին,սակայն հաճախ մոռացության է մատնվում քարագործ վարպետը, ում մուրճի համահունչ հարվածներից հղկվում է քարը, և վերակերտվում կառույցը:
Այսօր ցանկանում եմ ներկայացնել նման բազում վարպետներից մեկին՝ Վանիկ Մեխակի Մակարյանին, ում մուրճի և հատիչի հարվածները հավերժացել են Հռիփսիմեի, Հաղպատի, Սանահինի, Օձունի, Ծաղկաձորի, Օհանավանքի, Հաղարծինի, Ամբերդի և Գառնու հեթանոսական տաճարի սրբատաշ պատերին: Վանիկ Մակարյանը (1930-1994թթ.) ծնվել է Սպիտակ քաղաքում իր պես քարագործ վարպետի ընտանիքում: Պատանի հասակից աշակերտել է հորը, նրանից ընդօրինակել ամեն մանրունք, կայացել որպես վարպետ և իր սերն ու նվիրումը հայրենիքի հանդեպ արտահայտել իր արհեստի միջոցով:
Վարպետի մանկությունը անմասն չի մնացել ստալինյան բռնութնուններից, որին հաջորդել է Երկրորդ համաշխարհային ատեերազմը…Սակայն նա մնացել է քարի պես ամուր և անսասան: Կոմիտասի հորովելով է հղկել անտաշ քարը՝ սերունդներին փոխանցելով թումանյանական մտքի ճշմարիտ փիլիսոփայությունը. «…մարդու գործն է անմահ…»:
Վանիկ Մակարյանը կերտում էր բազում խաչքարերի մանրակերտներ՝ փորձելով փրկել ոչնչացած կամ ոչնչացման վտանգի ենթակա հնագույն
խաչքարերը: «Նա իր զավակների և թոռների հուշերում մնաց իբրև քարե սիմֆոնիայի նրբաճաշակ վարպետ, ով իր մանրակերտ խաչքարերը նվիրում էր այն եկեղեցիներին, որոնց քարերը ինքն էր մեկիկ-մեկիկ հղկել: Ցավալիորեն 1988թ.ավերիչ երկրաշարժը հիմնահատակ ավերեց նաև վարպետի հայրական տունը ՝ոչնչացնելով նրա մանրակերտ խաչքարերն ու էսքիզները: Հրաշքով միայն մեզ է հասել որդուն՝ Սամվել Մակարյանին նվիրած խաչքարի մանրակերտը»-ասաց վարպետի թոռնուհին՝Մերի Մակարյանը, ով սիրով մեզ պատմեց իր պապիկի մասին և տրամադրեց նրանից մնացած մանրակերտ խաչքարի նկարը:
Նկարչուհի,արվեստի տեսաբան Անահիտ Օհանյան