Ավարտական զանգը հնչեց Ռեուտովի հայկական կիրակնօրյա դպրոցում

Մայիսի 28-ին Ռեուտով քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցում կայացավ 2016-2017թ.թ. ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումը։ Այն շատ կարևոր և պատասխանատու էր ո´չ միայն երեխաների, այլ նաև համայնքի բոլոր ներկայացուցիչների համար, քանի որ նվիրված էր առաջի հերթին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը,  ապա այբբենարանի տոնին և ուսումնական տարվա ավարտին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է դպրոցի ուսուցչուհի Անահիտ Լագզյանը, Ռեուտովի կիրակնօրյա դպրոցում հատուկ ուշադրություն են դարձնում հայեցի դաստիարակությանը, հայ մնալու ու հայ ապրելու պայմաններին: Հայրենասիրություն ասելիս՝ այսօր դպրոցի սաները գիտեն, որ առաջին հերթին պետք է խոնարհվել մեր Հայոց բանակի զինորի առաջ։
Մայիսի 28-ին կայացած միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով՝ մեր Եռագույնի ներքո։ Համերգի առաջին մասը նվիրված էր հայրենասիրական թեմային, երկրորդ մասը այբբենարանի տոնին, որի ժամանակ մեր երեխաները ասմունքեցին հայ գրողների ստեղծագործություններից:
Երեկոյի ընթացքում կատարված երգերը նվիրված էին Հայոց բանակին և հայ զինորին: Մեր աշակերտների կատարած «Տավիղ» և «Շորոր» պարերը, ինչպես նաև ավանդական «Քոչարին», մեծ գնահատանքի արժանացան հանդիսատեսի կողմից:
Միջոցառման ավարտին Ռեուտով քաղաքի հայ համայնքի ղեկավար և դպրոցի տնօրեն Վ. Բասենցյանը շնորհակալագրեր հանձնեց դպրոցի առաջադեմ երեխաներին, ուսուցիչներին, ինչպես նաև դպրոցի և համայնքի առօրյա կյանքին ակտիվ մասնակցող ծնողներին։
Scroll Up