Լեն Ուիքսն  ազատ ժամանակը գերադասում է Հայաստանում անցկացնել

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը «Որդեգրիր մի գյուղ» և «Ծագումը» նախագծերի հեղինակ, Ցեղասպանության իրազեկման ակտիվիստ և գրող Լեն Ուիքսն է, ով ներգրավված լինելով տարբեր նախագծերում՝ քարոզարշավ է իրականացնում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Լեն Ուիքսը Նոր Զելանդիայում և  Օմանի Սուլթանությունում օդային երթևեկության վերահսկիչ է աշխատել, օդաչու է եղել: Ներկայումս Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում օդային երթևեկության կառավարման մասնագետ է, աշխատում է նաև ՄԱԿ-ում:

2015 թ.-ին նա նախաձեռնել է «Որդեգրիր մի գյուղ» նախագծի առաջին փորձը, որի նպատակն է գեղեցկացնել, մաքրել, բարեկարգել հայկական սահմանամերձ գյուղերը՝ նպաստելով Հայաստանոմ զբոսաշրջության զարգացմանը:

Այս նախագիծը կարող է նպաստել ոչ միայն գյուղերի զարգացմանը, գյուղատնտեսության բազմակողմանի աջակցմանը, մասնագետների պատրաստմանը, գյուղերի գյուղատնտեսական սարքավորումներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով վերազինմանը, այլև Հայաստան-Սփյուռք սերտ կապերի ամրապնդմանն ու համագործակցության հաստատմանը:

«Որդեգրիր մի գյուղ»-ի գաղափարը նախագծի հեղինակ Լեն Ուիքսի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ շրջել է Հայաստանի բնակավայրերով, հիացել հայկական գեղատեսիլ բնությամբ ու ազնիվ մարդկանցով: Առաջին որդեգրված գյուղն Արենին է, իսկ առաջին որդեգրողը՝ Նոր Զելանդիայի հայկական համայնքը:

«Իմ իրական աշխատանքը հիմա Հայաստանում  հայերին օգնելն է: Ես Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի քաղաքացի եմ: 2011 թվականին Հայաստանում հանդիպեցի ապագա կնոջս՝ Արմինեին, ամուսնացա, և նա շատ օգնեց ինձ՝  ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդի պատմությանը»,-«Հայերն այսօր»-ին ասաց Լեն Ուիքսը՝ հավելելով, որ ազատ ժամանակը միշտ գերադասում է Հայաստանում անցկացնել, նույնիսկ ուզում է  այստեղ վարդագույն տուֆից տուն ունենալ:

Նշենք նաև, որ «Որդեգրիր մի գյուղ» նախագծի շրջանակում Ռինդ, Արենի և Շատին գյուղերում իրականացվել են մի քանի նախագծեր.

Շատին գյուղը որդեգրվել է Ավստրալիայի հայ համայնքի կողմից: 2016թ.-ին Վայոց ձորի մարզի Ռինդ-Ելփին խաչմերուկի մոտ տեղադրվել է Ուիքսի կողմից մշակված «Կարաս» մոնումենտը, իսկ Ռինդ համայնքի մանկապարտեզի բակում բացվել է խաղահրապարակ, կազմակերպվել է ծառատունկ:

Ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել նաև Արենի և Շատին համայնքներում: Արենի գյուղի մուտքի մոտ փակցվել է գյուղի տեսարժան վայրերը ներկայացնող քարտեզ, որը զբոսաշրջիկների համար որպես ուղեցույց է ծառայում:
Շատին համայքնում տեղադրվել է «Որդեգրիր մի գյուղ» ցուցանակը, կազմակերպվել է ծառատունկ, ինչպես նաև տեղադրվել են աղբամաններ: Արենիի և Շատինի միջնակարգ դպրոցներին տրամադրվել են անգլերեն դասագրքեր:

Նշված ծրագրերն իրականացվել են տարբեր երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին Վայոց ձորի Շատին համայնքի հետ ստորագրվել է համաձայնագիր` համայնքի համար երկու արևային մարտկոց ձեռք բերելու մասին:

Լեն Ուիքսը  նաև իրականացրել է «Ծագումը» նախագիծը, որի նպատակն է աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանի,  Բաշկորտոստանի, Չինաստանի և Նեպալի մշակույթն ու պատմությունը: «Որդեգրիր մի գյուղ» նախագծի հետ միասին «Ծագումը» նախագիծը նախատեսված է խրախուսելու զբոսաշրջությունը, գործարարությունը և քրիստոնյաների Ցեղասպանությունը ճանաչելու խիզախությունը:

Նախագծի առանցքում երեք մասից բաղկացած «Ծագումը. Բացահայտում» վեպն է, որը տպագրվել է 2014 թ.-ի օգոստոսին՝ անգլերեն և նույն թվականի նոյեմբերին՝ հայերեն։

Այն ներառում է պատմական այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը  Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, և նշում այնպիսի վայրագություններ, ինչպիսիք են Նանկինի, Սուկ Չինի ջարդերը, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Լեն Ուիքսի նպատակն է եղել ցույց տալու Հայոց ցեղասպանության չճանաչելու փաստը՝ իբրև մյուս Ցեղասպանությունների պատճառ ներկայացնելը:

Գևորգ Չիչյան

Scroll Up