Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկը «Թուֆենկյան» հիմնադրամից առանձնատուն ստացավ

Սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն, ով փրկվել է իսլամական պետություն խմբավորման (ISIS) հալածանքից և վերաբնակվել Արցախում մի քանի տարի առաջ, հունիսի 9-ին  իր նոր առանձնատան բնակարանամուտը նշեց Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Այս մասին տեղեկացնում են «Թուֆենկյան» հիմնադրամից:

Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայերին աջակցելուն ուղղված ծրագրի շրջանակներում: Բնակարանամուտի միջոցառմանը մասնակցել են «Թուֆենկյան» հիմնադրամի խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի օգնականը, «Հայրենասեր» կազմակերպության նախագահը, ինչպես նաև Իշխանաձորի գյուղապետը և տեղի լրատվամիջոցների և համայնքի ներկայացուցիչները:

Հայկ Խաչոն իր ընտանիքի` երեք դստրերի հետ Արցախ է տեղափոխվել 2015թ.` Սիրիական պատերազմի ընթացքում: Սիրիայում իսլամական պետություն խմբավորումը (ISIS) բռնել էր բժշկին և ստիպել հրաժարվել քրիստոնեությունից: Ազատ արձակվելուց հետո Հայկ Խաչոն որոշել է ապաստան գտնել Արցախում և ընտանիքի հետ նոր կյանք սկսել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում:

Մասնագիտությամբ նյարդաբան բժիշկ Խաչոն այժմ որպես ընդհանուր բժիշկ է աշխատում գյուղի միակ հիվանդանոցում, որը «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցվել է 2004-2005 թվականներին:

«Երբ առաջին անգամ ոտք դրեցի Իշխանաձորում, անմիջապես զգացի ինչպես տանը: Մարդիկ շատ ջերմ էին և ինձ ընդունեցին բաց սրտով: Ես և երեք դստրերս՝ բոլորը դեռահաս, այստեղ շատ ապահով ենք զգում: Շնորհակալ եմ այս տան համար՝ այն իսկապես մեզ նոր կյանք է պարգևում», ասաց Հայկը:

Բժիշկ Խաչոյի առանձնատան կառուցումը սկսվել է 2016թ. սեպտեբերին և ավարտվել 2017թ. հունիսին: Ամայի ավերակներից վերանորոգված կացարանի փոխակերպված այս առանձնատունը այժմ լիովին պատրաստ է Հայկ Խաչոյի և նրա երեք դստրերի համար արժանապատիվ կացարան ապահովել:

«Մենք ուրախ ենք, որ նա նոր տուն է գտել իր նախնիների հայրենիքում: Հայկը երկու անգամ բռնվել է իսլամական պետություն խմբավորման կողմից և երկու անգամ նրան սպառնացել են սպանել: Նրան հաջողվել է կենդանի մնալ և երկու անգամ փախչել մահից: Մեր պատիվը և պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ և ապրել այս ազատագրված հայկական տարածքներում»,- ասաց «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Հիմնադրամի խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը իր խոսքում նշեց Իշխանաձորի կարևորությունը որպես հարավային Քաշաթաղի շրջանում ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: «Իշխանաձորը անցակետ է, և մեր պարտականությունն է ապահովել, որ այն զարգանա և համապատասխանաբար բնակեցված լինի: Հայկ Խաչոն իր ներդրումը կունենա այս շրջանի զարգացման գործում: Գյուղը բաց է արել իր դռները Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից և այլ երկրներից եկող հայերի համար: Մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ սա Հայաստանն է, բոլոր հայերի հայրենիքը»,- նշեց Գասպարյանը:

 Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում:

1011 12 13

Scroll Up