Երևանում կայանալիք համաժողովում կքննարկվեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմները
Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 3-4-ը Երևանում կանցկացվի ` «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով 2-օրյա միջազգային համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, համաժողովի նպատակն է ի մի բերել արտակարգ իրավիճակների տեղեկատվության ոլորտում աշխարհի լավագույն փորձը, ստեղծված օրինակելի արժեքները, քննարկում կազմակերպել հետագա զարգացումների վերաբերյալ: Միջոցառմանը կմասնակցեն ոլորտում ընդգրկված միջազգային կազմակերպությունները, տարբեր երկրների փորձագետներ, պաշտոնյաներ, լրատվության պատասխանատուներ, աղետի գոտիներում աշխատած ճանաչված լրագրողներ, աշխարհի խոշոր լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման (OCHA) ժնևյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուդոլֆ Մյուլլերը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։
Համաժողովն անց են կացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը` ՀՀ աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում: